Գլուխս ցավեց այս ընտրություններից. մեկ քայլ հետ՝ թաղային հեղինակությունների «շնորհիվ»
Քաղաքական
Երևանի ավագանու ընտրություններից հետո դերասան Հովհաննես Ազոյանը, ով աչքի է ընկնում իր քաղաքական ազատ կողմնորոշումներով և սովորաբար հասարակական ակտիվ զանգվածի կարծիքներն է կիսում, ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել էր ՀՀԿ-ականներին՝ հավելելով՝ «Այս երկիրը ձերն է»:
Մայիսի 12-ին նա ԳԱԼԱ-ի հետ զրույցում առիթ ունեցավ իր տպավորությունները հայտնելու, թե ինչպիսին էին անցած ընտրությունները իր համար:
«Ո՞նց են այդ տոկոսները գրանցում ընտրություններին, ես չգիտեմ, բայց այն, որ այս երկրում հրճվում են այնպիսի մարդիկ, ինչպեսին թաղային հեղինակություններն են, անկասկած այդպես է, և ես կարծում եմ, որ հենց իրենցն է այս երկիրը, մարդկանց էդ տեսակին է պատկանում»,-ասաց Հովհաննես Ազոյանը:
«Պետք է ասեմ, որ համեմատելով նախագահական անցած ընտրությունները Երևանի ավագանու ընտրությունների հետ, միանշանակ պետք է փաստել, որ քաղաքապետի ընտրությունները ավելի հենված էին թաղային հեղինակությունների վրա, իսկ թաղային հեղինակությունները ոչ թե ընտրությունները, այլ մեր երկիրը տարան մեկ քայլ հետ: Թող ընդդիմությունը նստի և անալիզ անի՝ ինչու էր դա այդպես»:
Դերասանը խիստ քննադատեց ընդդիմադիր դաշտը՝ հավելելով, որ երկար տեսիլք ունեցող ընդդիմություն է պետք Հայաստանին, որ ժողովուրդը ոտքի կանգնի: «Ընդդիմադիր դաշտը ավելի շատ պրոբլեմ ունի, քան իշխանությունը, եթե ավելի պրոգրեսիվ ընդդիմություն ունենանք, երկիրը կծաղկի:
Երկար տեսիլք ունեցող ընդդիմացող է պետք Հայաստանին: Համախմբվածություն չկար, ջլատված էր ընդդիմությունը և հաղթել չէր կարողանալու: Ի՞նչ հաղթանակ թույլ ընդդիմության պարագայում: Սա ընդդիմության պարտությունն էր, բայց ոչ ժողովրդի, մեր ժողովուրդը դեռ կկարողանա հաղթել, եթե լինի մի հզոր ուժ... ժողովուրդը վարակվելու հատկություն ունի, պետք է վարակել լավ գաղափարներով, գաղափարով, մտքով: Այնպես որ ժողովրդին ցանկացած դեպքում մեղադրելը սխալ է, ընդդիմությունը իր պարտությունը պետք է փնտրի անկազմակերպվածության, ոչ թե ժողովրդի մեջ»:
Հովհաննես Ազոյանի խոսքերով՝ քաղաքական ուժերը միասին հերթական անգամ փչացրին ընտրությունների հեղինակությունը և այնպիսի իրավիճակ ստեղծեցին, երբ այսօր ինչպես իր, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու գլուխն ուղղակի ցավում է քաղաքականությունից:
«Գլուխս ցավեց ընտրություններից... հիմա հանգստի էտապ է պետք, որ մի քիչ ժամանակ անցնի, և գլխիս ցավն էլ անցնի»,- ասաց նա:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան