Նոր ուժ Հայաստանո՞ւմ
Քաղաքական
«Հավատացած եմ, որ Հայաստանում նոր ընդդիմություն կձևավորվի: Քաղաքական դաշտում կան առողջ ուժեր, անհատներ, որ իրենց դեմքը, «ես»-ը պահել են էս տարիների ընթացքում: Ինձ թվում է, որ մոտակա ժամանակահատվածում՝ 6 ամսվա կամ 1 տարվա ընթացքում, ինչ-որ նոր ուժ կձևավորվի»։ Նման կարծիք օրեր առաջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել էր ազատամարտիկ, ՀԱԿ դաշինքի նախկին անդամ Սասուն Միքայելյանը։
Վերջինիս տեսակետին է նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
«Սասուն Միքայելյանի հետ համամիտ եմ, սակայն ոչ թե նոր ուժ, այլ ուժերի նոր համախմբում կձևավորվի։ Փաստորեն վերջին երեք՝ ԱԺ, նախագահական և ավագանու ընտրությունները, ցույց տվեցին, որ վարչախումբը որևէ հետևություն չի անում, և բնականաբար, հիմնական գործոնը մնում է ժողովուրդը, իսկ ժողովրդին ուղորդողը պետք է ընդդիմադիր ուժը լինի»,-Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Մակեյանը։
Վերջինիս խոսքերով՝ ընդդիմադիր դաշտում կան մարդիկ և քաղաքական ուժեր, գործիչներ, որոնք այդ ամենը հասկանում են։
«Բնականաբար, 6 ամիս հետո կլինի, թե՝ երեք ամիս, թե՝ 1 տարի հետո, այդ համախմբման գործընթացը լինելու է, ու կարծում եմ՝ հիմա այն, ինչ անում է Րաֆֆի Հովհաննիսյանը, մոտավորապես նույն գաղափարն է հիմքում, ուղղակի կստացվի, թե՝ ոչ, դա չեմ կարող ասել, բայց գաղափարը նույնն է»,-ասաց կուսակցության ղեկավարը։
Պետրոս Մակեյանը, սակայն, սխալ համարեց նախապես կանխորոշել, թե ով կլինի ձևավորվող նոր ուժի ղեկավարը։
«Ուժի ղեկավարը պետք է գործունեության ընթացքում դրսևորվի, չնայած բոլոր քաղաքական դեմքերը Հայաստանում հայտնի են, ուղղակի մեկին հնարավորություն ընձեռվել է իրավիճակային լիդերի դերում հանդես գալ, մեկին՝ չի հաջողվել։ Հիմա չհաջողվածներից առաջին հերթին գնալու է փորձարկումը համախմբմանը դեռևս արենայում լիդերի ֆունկցիա չկատարած գործիչների շրջանակում, որովհետև սովորաբար ժողովուրդը այն գործչին, որը չի կարողացել վերջնական հանգրվանի հասցնել, մի քիչ կասկածանքով է նայում, բայց չի բացառվում նաև այդ տարբերակը։
Բայց հիմա ցույց կտա կյանքը, ժամանակը, գործողությունների ընթացքը, թե ով կլինի, որովհետև դա միայն անձից չէ կախված, շատ այլ էլեմենտներ կան, որ պետք է բավարարի այդ գործիչը»,-ասաց Պետրոս Մակեյանը։
Վերջինս կարծիք հայտնեց, որ ստեղծվելիք ուժի կողքին կլինեն նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության անդամները։
«Կյանքը ցույց է տվել, որ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը մշտապես եղել է այդ պայքարի առաջին գծում։ Կարծում եմ, որ մեր կուսակցության ժողովուրդը կլինի այդ պայքարի մեջ»,-ասաց Պետրոս Մակեյանը։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան