Կանայք` աշխարհի շարժիչ ուժը
Այլ
Աշխատանքում հաջողության հասած կանայք միշտ տարբերվել են հասարակության մեջ: Նրանք առաջացրել են շրջապատի ինչպես հիացմունքը, այնպես էլ նախանձը, քանի որ մինչ շատերը բողոքում են, որ տնային գործերի պատճառով չեն հասցում իրենց խնամել, աշխատող և հատկապես՝ հավակնոտ կանայք հասցնում են ամեն ինչ՝ ընտանիքին ժամանակ տրամադրել, աշխատել և աշխատանքում առաջընթաց գրանցել, խնամված լինել և, իհարկե, տնային գործերով զբաղվել :) Այս ամենի համադրությունը միայն առաջին հայացքից է անիրական թվում, իրականում պետք է կարողանալ ճիշտ տնօրինել ժամանակն, ու ամեն ինչ իր տեղը կընկնի :) Իսկ աշխատանքում հավակնոտ լինելը միայն նպաստում է նորանոր հաջողություններ գրանցելուն:
Նելլի Դուրյան
Իրավապահ Նելլի Դուրյանն իրեն կարիերիստ չի համարում, քանի որ, ըստ նրա, կարիերիստ կանայք աշխատանքից բացի ոչինչ չեն կարևորում: Ինքն այդպիսին չէ, քանի որ իր կյանքում առաջնային տեղ է գրավում իր ընտանիքը: Ճիշտ է, աշխատանքի արդյունքում հասել է հաջողությունների, սակայն շատ է կարևորում նաև ընտանիքը: «Կարծում եմ՝ յուրաքանչյուր մարդ, եթե աշխատում է, ցանկանում է առաջ գնալ, հաջողություններ գրանցել: Հաճելի է, երբ գնահատվում ես: Շատ կարևոր է, որ կնոջ ընտանիքն օժանդակում է նրան, իսկ ամուսինը ոչ թե խոչընդոտում է, այլ հոգեբանորեն օգնում կնոջը՝ աշխատանքում հաջողությունների հասնելու համար»- ասաց նա և փաստեց, որ այսօր մեր հասարակության մեջ աշխատող կանայք ավելի շատ են, քան տարիներ առաջ: - Մեր համակարգում էլ, տարիներ առաջ, երբ ես էի աշխատանքի անցնում, կանայք շատ քիչ էին: Սակայն ժամանակները փոխվել են, շատ աղջիկներ ձգտում են աշխատել ոստիկանությունում և առաջ գնալ իրենց աշխատանքում: Հիմա նրանց թիվն անհամեմատ աճել է»:
Տկն Դուրյանը նշեց, որ աշխատանքի պատճառով երբեմն չի կարողացել իր ընտանիքին այնքան ժամանակ տրամադրել, որքան ինքը կցանկանար, սակայն կարողացել է ունենալ այնպիսի ընտանիք, որով կարող է հպարտանալ: «Փառք Աստծո, շատ լավ ընտանիք ունեմ: Կարող եմ նույնիսկ ասել, որ իմ աշխատելը շատ լավ օրինակ է եղել երեխաներիս դաստիարակության համար, քանի որ նրանք մանկուց տեսել են, որ ընտանիքում ոչ միայն հայրը, այլև մայրը պետք է աշխատի և կայացած լինի,- ասաց տկն Դուրյանն ու հավելեց,- թող չնեղանան այն կանայք, ովքեր տնային տնտեսուհի են: Նրանք էլ են շատ մեծ աշխատանք անում, քանի որ տնային տնտեսուհի լինելն ու երեխաներ դաստիարակելը շատ կարևոր աշխատանք է. այնուամենայնիվ, աշխատող կանայք համատեղում են դա աշխատանքի հետ և, կարծում եմ, ամեն դեպքում ավելի կայացած են»:
Շուշանիկ Արևշատյան
Ռադիոմագնատ Շուշանիկ Արևշատյանն իրեն կարիերիստ չի համարում: Ըստ նրա՝ կարիերիստ կանայք պատրաստ են ոտնատակ տալու յուրաքանչյուր արժեք, միայն թե հասնեն իրենց նպատակին: Սակայն հավակնոտ կանանց շարքին դասել նրան կարելի է, քանի որ տկն Շուշանիկն այն կինն է, ով կանգ չի առել ոչ մի դժվարության առաջ և իր աշխատանքի շնորհիվ հասել է շոշափելի արդյունքի: «Մարդը, ով չունի «մեջք», գումար, կարող է հասնել արդյունքի իր աշխատանքի շնորհիվ: Ես միշտ իմ օրինակն եմ բերում մարդկանց: Չի՛ կարելի ասել՝ «չեմ կարող», «հնարավոր չէ», ամեն ինչ էլ հնարավոր է, պարզապես մարդ պետք է հավատա ինքն իրեն: Չպե՛տք է վախենալ ինչ-որ քայլ անելուց: Ճիշտ է, ամեն ինչ չէ, որ շատ հարթ է ստացվում, սակայն դա նորմալ է. պետք է ընկնել, վնասվել, վեր կենալ ու նորից առաջ գնալ»,- համոզված է տկն Արևշատյանը:
Իր աշխատանքում հաջողությունների հասած Շուշանիկ Արևշատյանը փաստում է, որ հայ հասարակության մեջ աշխատող կանայք շատ չեն, ինչը պայմանավորում է այն հանգամանքով, որ նրանց կողակից տղամարդիկ կառչած են հասարակական կարծիքից. «Իսկ հասարակական կարծիքը չի ընդունում, երբ կինն աշխատում է»:
Աշխատող կանայք հասարակության վրա ունեն ուժեղի «պիտակ», ինչը որոշ դեպքերում նույնացվում է տղամարդուն հավասարվելու հետ: Շուշանիկ Արևշատյանը եկել է կոտրելու այս կարծրատիպը և ցույց է տալիս, որ ուժեղ, հաջողակ, ամրապինդ և կանացի լինել միանգամայն հնարավոր է. «Կինն էլ է մարդ և ունի իր նուրբ ներաշխարհը: Ուժեղ լինել՝ չի նշանակում փխրուն չլինել,- ասաց նա ու հավելեց, որ հաճախ կանայք վախենում են աշխատանքում տղամարդկանց կողմից ստեղծված խոչընդոտների հանդիպել, սակայն իրականում այդպիսիք չկան էլ: - Հաճախ կանայք մտածում են՝ «բա որ...»ու նույնիսկ չեն էլ փորձում, ինչը վատ է»:
Նինա Հովհանյան
Դիզայներ Նինա Հովնանյանը նշեց, որ իրեն կարիերիստ չի համարում, որովհետև իր զբաղմունքն էլ աշխատանք չի համարում: «Ես ստեղծագործում եմ և դա անում եմ հաճույքով: Դա, առաջին հերթին, ինձ ինքնաբավություն, հանգստություն է տալիս: Ես չեմ համարում, որ աշխատում եմ, ոչ էլ գումարի համար եմ դա անում»,- ընդգծեց տկն Նինան, ով տասնինը տարի է, ինչ դիզայներությամբ է զբաղվում և իր խանութներն ունի Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում: «Ընտանիքն ու «աշխատանքը» համատեղելը շատ բարդ է, քանի որ դու ուզում ես ամբողջ ժամանակդ տրամադրել ամուսնուդ, երեխաներիդ, սակայն ստեղծագործելու համար էլ ժամանակ և էներգիա է պետք: Ամեն դեպքում փորձում եմ համատեղել: Կարծում եմ՝ այս դեպքում ոչ միայն աշխատասիրություն, այլև համբերություն, հումոր և շատ-շատ-շատ սեր է պետք»,- համոզված է նա:
Ըստ տկն Նինայի՝ նոր սերնդի կանայք ավելի համարձակ են աշխատանքի ընտրության հարցում, և Հայաստանի ապագան կանանց ձեռքերում է: «Կանայք շատ աշխատասեր են, պրոֆեսիոնալ և ամեն հարց կարողանում են լուծել: Իմ կարծիքով՝ հիմա քիչ կանայք են տանը նստած, նրանց մեծ մասն աշխատում է: Ընդ որում՝ եթե տարիներ առաջ կանայք հիմնականում ընտրում էին դերձակի, լեզվաբանի, ուսուցչուհու աշխատանք, հիմա բարքերը փոխվել են: Նրանք այլ ոլորտներ են ընտրում' բանկ, մարքեթինգ, բիզնես, գովազդ, ու շատ լավ են անում իրենց աշխատանքը»,- ավելացրեց տկն Հովնանյանը:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան