Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները հայ գործարարների համար դեռևս մտահոգվելու առիթ չեն. Արսեն Ղազարյան
ՏնտեսությունՀայ գործարարները շարունակում են աշխատել բնականոն կերպով և նրանց համար Ռուսաստանի նկատմամբ գործադրվող պատժամիջոցները դեռևս մտահոգվելու առիթ չեն: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ Արսեն Ղազարյանը: Խոսելով այն մասին, թե պատժամիջոցները ինչպես կարող են անդրադառնալ Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական երկու ընկերությունների' «Գազպրոմբանկ»-ի ու ՎՏԲ-ի տեղական ներկայացուցչությունների վրա' Ղազարյանն ասաց, որ թեև դրանք ունեն ռուսական սեփականատերեր, սակայն գրանցված են Հայաստանում և պատժամիջոցների ազդեցությունն անմիջական չի լինի: «Դրանք առանձին իրավաբանական անձինք են, որոնք գործում են մեր օրենսդրությամբ, ուստի պատժամիջոցները ֆորմալ առումով իրենց չեն վերաբերում: Մեր գործարարները մտահոգվելու առիթ առայժմ չունեն: Նրանք շարունակում են աշխատել և իրագործել իրանց ծրագրերը բնական ընթացքով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' ասաց Ղազարյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարելի է եզրակացնել ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարությունից' ՀԱԳ(Գ)Մ նախագահն ասաց, որ Հայաստանի համար վտանգներից խոսելը շատ շուտ է, իսկ թե ինչպիսին կլինեն ամերիկյան կառավարության հետագա քայլերը Ռուսաստանի նկատմամբ, դեռևս պարզ չէ: «Դեսպանատան հայտարարությունն այն շաբլոնն է, որ նրանք ստացել են ԱՄՆ Պետդեպարտամենտից և տարածել աշխարհով մեկ: Հայաստանն իր աշխարհաքաղաքական դիրքով և տնտեսական կապերով առայժմ առանձնանում է, մենք պետք է դա ընդունենք»,- ասաց նա: