Ադրբեջանում հասկացել են. ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի
ԱդրբեջանԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը սթափեցրել է Ադրբեջանում բոլոր այն տաք գլուխներին, որոնց թվում էր, թե ԼՂ վերադարձն Ադրբեջանի կազմ «հնարավոր է»: Այդտեղ վերջնականապես հասկացել են, որ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն այլընտրանք չունի:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նման համոզման է եկել մոլի իշխանամետ haqqin.az լրատվական կայքի քաղաքական գնահատականների և վերլուծության խումբը, որը գտնում է, որ եթե ԼՂ հարցում նախկինում որևէ «հուսեր» կային ԱՄՆ-ի կողմից ադրբեջանամետ որոշումներ ընդունելու, ապա Կալիֆորնիայի նահանգի Սենատի կողմից ԼՂՀ անկախությունը ճանաչելու մասին որոշումը վերջ է դնում դրանց:
«Վերջին 10-15 տարում ԱՄՆ-ը հնարավորություն է ունեցել ադրբեջանամետ որոշումներ ընդունել ԼՂ խնդրի կարգավորման հարցում: Եթե Վաշինգտոնն անգամ ունեցել է նման մտադրություն, ապա Սենատի որոշումը վերջ է դնում դրանց»,- համոզմունք են հայտնել haqqin.az-ի վերլուծաբանները:
ԱՄՆ-ի Կալիֆորնիայի նահանգի սենատն օգոստոսի 27-ին ձայների 23 կողմ և 0 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձևը: Արցախի անկախությունը ճանաչել են նաև ԱՄՆ-ի 4 նահանգներ' Լուիզիանան, Մեյնը, Մասաչուսեթսը և Ռոդ Այլենդը: