Կիմ Չեն Ընի անձնական ֆինանսիստը 5 միլիոն դոլարով փախել է ԿԺԴՀ-ից
ԱշխարհՀյուսիսկորեացի բարձրաստիճան ֆինանսիստը, որը կառավարում էր ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական դրամական միջոցները, փախուստի է դիմել արտասահման և ներկայում, ենթադրաբար, գտնվում է Ռուսաստանում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ինչպես հաղորդել է հարավկորեական «Չունան իլբո» թերթը՝ վկայակոչելով անունը չհայտնած մի աղբյուր, Յուն Դե Հյոնն ապաստան է փնտրում երրորդ երկրում:
«Հյուսիսային Կորեայի Joson Daesong Bank-ը գլխավորած Յուն Դե Հյոնն անհետացել է Ռուսաստանի Նախոդկա նավահանգստում: Նա իր հետ ունեցել է շուրջ 5 միլիոն դոլար «հեղափոխական հիմնադրամներից»: Ենթադրվում է, որ նա դիմել է ապաստան տրամադրելու խնդրանքով»,- գրել է հրատարակությունը:
Ինչպես նշել է «Չունան իլբոն», Յուն Դե Հյոնը մեծ ծավալի տեղեկատվություն ունի ԿԺԴՀ-ի առաջնորդի ֆինանսական գործառնությունների վերաբերյալ: Նրա հիմնական խնդիրը եղել է արտասահմանում Կիմ Չեն Ընի և նրա հանգուցյալ հոր՝ Կիմ Չեն Իրի գաղտնի հիմնադրամների կառավարումը:
2010 թվականի նոյեմբերին ԱՄՆ-ը բանկը ներառել է «սև ցուցակում»՝ վերջինիս մեղադրելով ԿԺԴՀ-ի «ապօրինի ֆինանսական ծրագրերին մասնակցելու» մեջ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: