Ադրբեջանը վախեցած է. Ալիևի խորհրդականը տագնապած դիմել է Պուտինի օգնությանը
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանական օդուժի կողմից հայկական ուսումնավարժական ուղղաթիռի խոցումից հետո Ադրբեջանի պաշտոնական շրջանակները, վախենալով Հայաստանի պատասխան քայլերից, սկսել են դիմել երրորդ երկրի օգնությանը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առընթեր Հասարակական կազմակերպությունների աջակցության խորհրդի նախագահ Ազայ Գուլիևը նամակ է ուղարկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին' խնդրելով օգնել կարգավորել հարցը միջազգային նորմերի հիման վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Գուլիևը փորձել է կատարվածի ողջ մեղքը բարդել հայկական կողմի վրա: Նամակում նա խնդրել է Պուտինից օգտվել իր հեղինակությունից և ազդեցությունից' ղարաբաղյան հիմնահարցի շուտափույթ կարգավորման համար:
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին՝ ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը: