Թուրքիայում Էրդողանին նմանեցրել են Հիտլերին
ԹուրքիաԹուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնող քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշը խստորեն քննադատել է Իսրայելի հետ հարաբերությունները նորմալացնելու հետ կապված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդեգրած տարօրինակ քաղաքականութունը' նմանեցնելով նրան Հիտլերին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, Թուրքիայի հետ Իսրայելի միջեւ ձեռք բերված «նորմալացման» համաձայնությունից հետո, հիշեցնելով Պաղեստինի Գազայի հատվածի վրա 2014 թվականի հուլիսի 19-ին կատարած հարձակման հետ կապված Էրդողանի արած կոշտ հայտարարությունը, Դեմիրթաշը Twitter-ի իր էջում գրել է. «Հետո ի՞նչ եղավ: Հիտլերից հետո քեզ ծնեցին»:
Գազայի վրա Իսրայելի հարձակման հետ կապված Էրդողանը հայտարարել էր. «Ահաբեկչական պետություն Իսրայելը եւս մեկ անգամ հարձակում գործեց Գազայի վրա եւ հարվածեց լողափին խաղացող անմեղ երեխաներին: Բարբարոսությամբ սրանք անցան անգամ Հիտլերին»:
ԺՀԿ համանախագահը Էրդողանին քննադատել է նաեւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հղած ներողության նամակի առնչությամբ:
Հիշեցնելով ՌԴ կատարած այցի ընթացքում արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը Էրդողանի կողմից «դավաճանություն» բնութագրվելը, Դեմիրթաշն ասել է. «Մեզ հայրենիքի դավաճան անվանեցին: Այժմ տեսանք ով է հայրենիքի իրական դավաճանը»:
Համոզմունք հայտնելով, որ ՌԴ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները հազիվ թե կարգավորվեն նախկին մակարդակի, Դեմիրթաշն ասել է. «Հիմա նամակ է գրել Պուտինին եւ ներողություն է խնդրում' կարծելով, թե հարաբերություններն անմիջապես կկարգավորվեն: Այս իշխանությունների սխալների պատիժը ժողովուրդն է կրում: Սրանք փոշմանեցին, որովհետեւ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտը փլուզվել է»:
Դեմիրթաշը ներկաներին նաեւ հիշեցրել է, որ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե «երբեք ներողություն չի խնդրի ՌԴ-ից»: