ՀՀ վարչապետը և Սերբիայի դեսպանը քննարկել են տնտեսական կապերի ակտիվացման հարցեր

2017-04-19 19:58:22

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ապրիլի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դուշան Սպասոևիչին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հաջողություն մաղթելով Սերբիայի դեսպանին պատասխանատու առաքելության մեջ և ընդգծելով, որ Հայաստանը շահագրգռված է Սերբիայի հետ համագործակցության խորացմամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կնպաստի երկու երկրների պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը: Կառավարության ղեկավարը հատկապես կարևորել է առևտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ նպատակին ուղղված ջանքերին ու նախաձեռնություններին:

Հայաստանում Սերբիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Կարապետյանին բարեմաղթանքների համար՝ շեշտելով, որ երկու ժողովուրդների պատմական կապերը պարտավորեցնում են նոր թափ հաղորդել հայ-սերբական համագործակցությանը: Դուշան Սպասոևիչը վստահեցրել է, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ այն էլ ավելի սերտացնելու համար:

Վարչապետն ու ՀՀ-ում Սերբիայի դեսպանը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափով տնտեսական գործակցության աշխուժացման հեռանկարների շուրջ: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի միջև վիզային ռեժիմի ազատականացման, ուղիղ օդային հաղորդակցության հաստատման, գործարար կապերի ակտիվացման և տնտեսական կապերի խթանման ներուժ ունեցող այլ ուղղություններով գործակցության հնարավորություններին:

Դիտվել է 92 անգամ:

Լրահոս
1 Մայ
Ողջ լրահոսը...>>
Ամենաշատ ընթերցվածը