«Հայաստանյան ընդդիմությունը ակտիվ գործողությունների պետք է անցնի. Արցախն այլ ելք չի թողնում»
NKԸնդդիմությունն ինչ-որ մի բան նախապատրաստում է: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նա այն կարծիքին է, որ ընդդիմությունն իր բողոքի ակցիաներն ուշացնում է՝ հասկանալու համար՝ Մոսկվայում ինչ կարող է լինել Փաշինյան-Պուտին հնարավոր հանդիպումից հետո:
«ԱԺ-ում հայտնի սկանդալային հայտարարություններից հետո շատերը ընդդիմության կողմից սպասում էին ավելի ակտիվ գործընթացների, և հիմա, երբ չկան նման գործընթացներ, նշանակում է կամ ընդդիմությունը հստակ գիտի՝ ինչ է անելու մոտակա օրերին և չի շտապում հայտարերել այդ մասին, կամ սպասում է հետագա զարգացումներին»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:
Անդրադառնալով Արցախի ԱԺ-ի երեկվա հայտարարությանը՝ մեր զրուցակիցն ասաց՝ գնդակն այս պահին հայաստանյան քաղաքական դաշտում է, սպասում են պատասխանի. «Արցախը բացահայտ արտահայտեց իր կարծիքը իշխանության կողմից առաջարկվող կոնցեպտների շուրջ. իր կոշտ անհամաձայնությունը հայտնեց ՝ օգնություն խնդրելով Հայաստանից, որպեսզի իրեն մենակ չթողնի: Այդ հայտարարությունն ընդունելով՝ Արցախն այլ ելք չի թողնում հայաստանյան ընդդիմությանը, քան որևէ ակտիվ գործողությունների անցնելու»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Հարցին, ինչ պետք է աներ ընդդիմությունը որ չի արել, նա նշեց՝ պետք է միշտ ունենար զանգվածների ռեսուրս, որոնք միշտ պատրաստ կլինեին առաջին իսկ կոչով փողոցում լինելու՝ մոտ 7-8 հազար հոգի. «Ընդդիմությունն ունի նման պոտենցիալ, քանի որ իրեն ընտրել է մոտավորապես 400.000 մարդ: Նրանք պետք է անընդմեջ աշխատեին և ունեինային միշտ պատրաստ այդպիսի զանգված»,-ընդգծեց նա:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք զանգվածային ակցիաների միջոցով կլինի այդ ցանկալի արդյունքը, այն դեպքում, երբ ընդդիմությանը ձայն տված գրեթե կեսը հիասթափված է, քաղտեխնոլոգն ասաց. «Եթե սկսում ես ակցիաների շրջան, ապա դրանք պետք է լինեն հետևողական և անժամկետ: Հիասթափությունը արագ անցնում է, երբ տեսնում են, որ իրենց նախընտրած քաղաքական թիմը սկսում է նորից ճիշտ գործով զբաղվել, որի հեռանկարը հստակ երևում է»:
Զվարթ Պետրոսյան