Բայդենը, ամենայն հավանականությամբ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Reuters
ԻրանԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ամենայն հավանականությամբ, պաշտոնապես կճանաչի Օսմանյան կայսրության կողմից Առաջին աշխարհամարտի ընթացքում հայերի կոտորածը՝ որպես ցեղասպանության ակտ, գրում է Reuters֊ը: Այդ քայլը հիմնականում խորհրդանշական կլինի, բայց կնշանակի Սպիտակ տան կողմից տասնամյակների՝ խնամքով պահված «ճշմարտությունից» կտրվել՝ այն ժամանակ, երբ Անկարան և Վաշինգտոնը արդեն իսկ տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ: Բայդենը, ակնկալվում է, մտադիր է օգտագործել «ցեղասպանություն» բառը՝ որպես ապրիլի 24-ին հայտարարության մաս, երբ ամբողջ աշխարհում զոհերի հիշատակի ամենամյա ոգեկոչումներ են անցկացվում, հայտնում է այս թեմային քաջատեղյակ երեք աղբյուր: «Իմ ընկալումն այն է, որ նա որոշում է կայացրել և կիրակի օրը իր հայտարարության մեջ օգտագործելու է «ցեղասպանություն բառը»», - ասել է Բայդենին մոտ կանգնած աղբյուրը: Աղբյուրները, սակայն, նախազգուշացնում են, որ հաշվի առնելով Թուրքիայի հետ երկկողմ կապերի կարևորությունը՝ Բայդենը, միևնույն է, կարող է որոշել վերջին րոպեին չօգտագործել այդ տերմինը:
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողներին ասել էր, որ Սպիտակ տունը շաբաթ օրը, ամենայն հավանականությամբ, «ավելին կասի», բայց հրաժարվել էր մանրամասնել:
Մեկ տարի առաջ՝ 2020 թվականի ապրիլի 24-ին, դեռևս ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը ոգեկոչել էր Օսմանյան կայսրությում զոհված 1,5 միլիոն հայ տղամարդկանց, կանանց և երեխաների հիշատակը և ասել, որ ինքը կաջակցի այդ սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչելու ջանքերին: «Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնում հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած ոճրագործությունները՝ Հայոց ցեղասպանությունը: Ընտրվելու դեպքում՝ ես խոստանում եմ աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին և համընդհանուր մարդու իրավունքները դարձնել գերխնդիր», - գրել էր Բայդենը Twitter-ի իր էջում։