Օդեսայի բնակիչները փակել են ևս մեկ փողոց՝ ի նշան էլեկտրաէներգիայի անջատումների դեմ բողոքի (տեսանյութ)
ՏեսանյութերՈւկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ Օդեսայի փողոցներից մեկում բնակիչները դուրս են եկել ճանապարհ՝ բողոքելով հոսանքազրկման դեմ։
Novosti Odesa Telegram ալիքում հրապարակված տեսանյութում քաղաքացիները արգելափակել են մեքենաների տեղաշարժը։ Բնակիչները դժգոհում են, որ հոսանք չունեն։ Ոստիկանները տեղում են։
Նախորդ օրը Օդեսայի բնակիչները նույնպես արգելափակել էին մեքենաների շարժը՝ ի նշան հոսանքազրկման դեմ բողոքի։
Նոյեմբերի 18-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ հրթիռային հարվածներից հետո Ուկրաինայի էներգետիկ համակարգի գրեթե կեսն անջատվել է։ Նա նշել է, որ երկրին անհրաժեշտ է լրացուցիչ աջակցություն էներգետիկ ոլորտում եվրոպացի գործընկերների կողմից և «հավելյալ ֆինանսական ռեսուրսներ գազի լրացուցիչ ծավալներ ձեռք բերելու համար»։
Մինչ այդ՝ հոկտեմբերի սկզբին, նախարարների կաբինետի նիստում նա հայտարարել էր, որ Ուկրաինան 90%-ով պատրաստ է ջեռուցման սեզոնին։