«Պատերազմի հավանականությունը ավելի մոտ է, քան խաղաղության պայմանագրի կնքումը»
Քաղաքական«Տեսնելով Բաքվի վարած քաղաքականությունը և հետ գնալով նախորդ տասնամյակներ, տեսնելով, որ այնտեղ մեծացել է մի սերունդ, որը հայատյացություն և հակահայկականություն է տարածում, այդ պարագայում ուղղակի անընկալելի է այն եզրույթը, որ արցախցիները կապրեն Արցախում որպես Ադրբեջանի քաղաքացի և եթե դա հնարավոր լիներ՝ չէին խոսի միջազգային մեխանիզմների և Արցախի ժողովրդի անվտանգային խնդիրների մասին»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Նելլի Մինասյանը` անդրադառնալով Euronews հեռուստաալիքին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տված հարցազրույցին, որտեղ ասվում է.
«Մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում՝ այն տարածքում, որը ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, նրանք ապրում են Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրեն՝ ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, ինչպես ցանկացած այլ ազգային փոքրամասնություն, որով Ադրբեջանն այդքան հարուստ է, թե՝ հեռանալ: Սա նրանց ընտրությունն է»,- ասել է Ալիևը։
«Թուրքիայի հովանավորչության տակ գտնվող Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի մտադրությունը ամենևին էլ խաղաղությունը չի, եթե խաղաղությունը լիներ, ապա Հայաստանի տարածքների նկատմամբ ոտնձգությունները, էսկալացիաները 44-օրյա օատերազմից հետո չէինք տեսնի և Ադրբեջանի զորքերը այսօր չէին լինի Հայաստանի ինքնավար տարածքում, և ըստ էության, այդ զորքերը նպատակ էլ չունեն այնտեղից դուրս գալու»,- ասաց Մինասյանը։
Թուրքագետի խոսքով` այն ռազմական բյուջեն, որը Ադրբեջանը 2020թ․-ի պատերազմից հետո ծախսել է, խոսում է այն մասին, որ ռազմական ուժի կիրառումը Հայաստանի նկատմամբ միշտ կմնա։
Ըստ նրա՝ Ադրբեջանի նախագահի համար այսօր Արցախի խնդիրը, Հայաստանի վրա ճնշում գործադրելը իշխանության պահպանման լավագույն լծակն է, հետևաբար, Ադրբեջանը այդ լծակները այդքան հեշտ հանգիստ չի թողնի․
«Դիտարկելով աշխարհաքաղաքական այն գործընթացները, որոնք այսօր շատ նպաստավոր են Ադրբեջանի համար, նա կփորձի ուժի կիրառման ճանապարհով հասնել իր համար ավելի ցանկալի արդյունքի։ Այնպես որ, պատերազմի հնարավորությունը ոչ միայն չպետքէ բացառել, այլ ճիշտ հակառակը, պետք է միշտ պատրաստ լինել դրան, որովհետև պատերազմի հավանականությունը ավելի մոտ է, քան խաղաղության պայմանագրի կնքումը»,-ասաց նա։
Լիլիթ Զալիբեկյան