Ոստիկանական ավտոմեքենան «Մեդիահաբի» լրագրողի ուղղությամբ վարելու դեպքով ՄԻՊ-ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմնից (տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանական ավտոմեքենան լրագրողի ուղղությամբ վարելու դեպքը ՄԻՊ ուշադրության կենտրոնում է։ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Արթուր Ասլանյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ կապ է հաստատվել Mediahub.am լրատվական կայքի լրագրող Նարե Գևորգյանի հետ՝ իր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: «Պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմնից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում»,- նշեց Ասլանյանը:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացվում։ Երևանում փակվել են մի շարք կենտրոնական փողոցներ։ Ոստիկանության ծառայողները ժամը 10,00-ի դրությամբ բերման են ենթարկել 38 անձի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար։ Անհնազանդության ակցիաների լուսաբանման ժամանակ այսօր ևս միջադեպ է տեղի ունեցել լրագրողի առնչությամբ։ Մասնավորապես, ոստիկանական ավտոմեքենան վարել են «Մեդիահաբ»-ի լրագրող Նարե Գևորգյանի ուղղությամբ։
Նշենք նաև, որ ոստիկանության գործողությունների հետևանքով երեկ տուժել են նաև լրագրողների Մերի Մանուկյանը, Հասմիկ Առաքելյանը, օպերատոր Մհեր Դավթյանը։ Այս դրվագով ՆԳՆ-ում ծառայողական քննություն է իրականացվում։ Առ այս պահը, սակայն, առկա չէ որևէ քրեական վարույթ՝ այս դեպքերով լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու դեպքով։