Լիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր
Ռուսաստան![Լիտվան որոշել է լուծարել Ռուսաստանի հետ մի քանի երկկողմ համաձայնագրեր](/timthumb.php?src=disc/22-05-24/f9ed08e861c11ccae2524d0c3f42e609.jpg&w=780)
Լիտվան պլանավորում է լուծարել Ռուսաստանի և Բելառուսի հետ այն երկկողմ համաձայնագրերը, որոնք կարող են փոխարինվել բազմակողմ համաձայնագրերով։ Լիտվայի կառավարությունը մայիսի 22-ին որոշում կկայացնի չորս պայմանագրերի չեղարկման մասին, մնացած առաջարկները դեռ համաձայնեցվում են: Այս մասին տեղեկանցում է «Ինտերֆաքս» գործակալությունը։
Այսպես, առաջարկվում է լուծարել Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների հետ Լիտվայի համաձայնագրերը ներդրումների խթանման և պաշտպանության, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների վերաբերյալ։
Արդարադատության նախարարությունն առաջարկություն է պատրաստել՝ չեղարկելու Ռուսաստանի հետ քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության ու իրավահարաբերությունների մասին, իսկ ֆինանսների նախարարությունը՝ եկամուտների ու կապիտալի կրկնակի հարկումից խուսափելու և հարկային իրավախախտումների մասին համաձայնագրերը։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների սկսվելուց հետո «արտաքին գործերի նախարարությունը դիմել է բոլոր հաստատություններին՝ խնդրելով գնահատել Ռուսաստանի հետ միջազգային իրավական համագործակցության մասշտաբն ու անհրաժեշտությունը», - BNS լրատվամիջոցին ասել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։
Առաջարկվում է գնահատել՝ արդյոք կոնկրետ երկկողմ համաձայնագրի գործողությունը կարող է փոխարինվել բազմակողմ համաձայնագրով կամ միջազգային իրավական ակտով։
Լանդսբերգիսի կարծիքով, չնայած այն հանգամանքին, որ երկկողմ համաձայնագրերը կչեղարկվեն, բազմակողմ համաձայնագրերը, որոնք կարող են փոխարինել դրանց, թույլ կտան պահպանել Ռուսաստանի և Բելառուսի հետ շփման պաշտոնական գործիքակազմը։ Նախարարը հավելել է, սակայն, որ երկիրը Ռուսաստանի հետ համագործակցություն չի ակնկալում, «քանի որ այն վաղուց չկա»։
![](banners/armflix.jpg)