«Մեղավորն արտահանողներն են». Փաշինյանը մեկնաբանեց մաքսանենգ ծխախոտի վերաբերյալ Միքայել Մինասյանի հայտարարությունը
Հասարակություն«Ծխախոտի արտահանման հարցում ՀՀ մաքսային մարմինները որևէ իրավախախտում, չարաշահում թույլ չեն տվել, մեղավորն արտահանողներն են, որոնք պետք է արտահանեին այլ երկիր, բայց որոշել էին ուրիշ երկրում վաճառել։ Այդ երկրի իրավապահ մարմինները պետք է պարզեն ու բոլորին պատժեն»,- այս մասին այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը սկանդալային բացահայտում է արել, ըստ որի՝ Հայաստանից կարանտինի օրերին մի ամբողջ ինքնաթիռ մաքսանենգ ծխախոտ է արտահանվել իբր Աֆղանստան, բայց նախատեսված է եղել վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում: Մեկնաբանելով Մինասյանի հայտարարությունը, թե այդ մաքսանենգ սխեման ղեկավարել են իր ընտանիքի անդամները, այդ թվում՝ իր կնոջ եղբայր, «Իմ քայլը»-ի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, վարչապետն ասաց. «Ինչ վերաբերում է կնոջս եղբորը վերաբերվող դրվագին, ապա Հրաչյա Հակոբյանը դատական հայց է ներկայացրել և այդ հարցին ոչ թե ես կպատասխանեմ, այլ ուրախ եմ, որ բոլորս հրապարային կտեսնենք՝ ինչն է ճիշտ, թե ինչն է սխալ»,- նշեց Փաշինյանը: