ՌԴ-ից վերադարձած ՀՀ քաղաքացիները պարտավոր են ինքնամեկուսանալ․ նրանց տեղաշարժը հսկվում է
SocietyՏևական դադարից հետո մի քանի օր է, ինչ Ռուսաստանից Հայաստան չվերթները իրականացվում են և ՀՀ քաղաքացիները հնարավորություն ունեն վերադառնալ հայրենիք։ Վերջիններս, վերադառնալուն պես, պարտավոր են ինքնամեկուսանալ իրենց տներում։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ Հայաստան վերադարձած և ինքնամեկուսացած անձանց տեղաշարժը հսկվում է։ «Վերադարձած քաղաքացիների ցանկը փոխանցվում է ոստիկանությանը, որն էլ հսկողություն է իրականացնում»,- նշեց նա։ Մայիսի 14-ին, երբ հայտնի չէր, որ արտակարգ դրությունը երկարաձգվելու է, ՌԴ-ից ժամանած ՀՀ քաղաքացիներին մեկուսացրել էին տարբեր հյուրանոցներում։ Թեև ասել են, որ մեկ օր հետո, երբ արդյունքները հայտնի լինեն, կարող են գնալ տուն, սակայն մինչ օրս որևէ պատասխան չեն ստացել։ Ի պատասխան մեր հարցի՝ նախարարության մամուլի խոսնակը նշեց, որ թեստերի պատասխանների ուշացումը նորմալ է․ «Լաբորատորիաները 1600 հետազոտություն են իրականացնում։ Հնարավոր է, որ 2-3 օր ուշանա թեստի պատասխանը, ընդամենը, պետք է սպասել և ըմբռնումով մոտենալ, մինչև պատասխանները լինեն։ Ըստ թեստի արդյունքների՝ կորոշվի՝ կգնան տուն, թե ոչ»,- ասաց Նիկողոսյանը։ Նշենք, որ ապրիլի 23-ից հետո ՌԴ-ից ՀՀ թռիչքներ չէին լինում, դրանք վերսկսվեցին մայիսի 14-ից։ Ռուսատանում ՀՀ դեսպանությունում ցուցակագրված 5000-ից ավելի ՀՀ քաղաքացիներն, ըստ հերթագրված թվերի հաջորդականության, վերադառնում են Հայաստան։ ՌԴ-ում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում են, թե, երբ են նախատեսվում ՌԴ-ից ՀՀ կատարվող չարտերային թռիչքները․ «Դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից (մայիսի 27-ին)։ Մոսկվայից կազմակերպվող չվերթի առնչությամբ ցուցակագրված քաղաքացիների հետ կապ կհաստատվի առաջիկա օրերին։ Միևնույն ժամանակ, ցավով պետք է նշենք, որ մի շարք հերթագրված քաղաքացիներ, ովքեր հեռախոսակապի միջոցով վերահաստատել էին մայիսի 15-ի և 17-ի չվերթներով Հայաստան մեկնելու իրենց պատրաստակամությունը, չեն ներկայացել օդանավակայան՝ զրկվելով այս օրերին Հայաստան վերադարձի սպասող բազմաթիվ քաղաքացիների ստեղծված հնարավորությունից։ Հերթագրումով հաստատված, բայց չվերթին չներկայացած քաղաքացիները առաջիկա թռիչքների համար չեն դիտարկվելու»,- ասվում է դեսպանության հաղորդագրությունում։