«Ադեկվադ» միաբանության անդամներն ազատ արձակվեցին ոստիկանության Արաբկիրի բաժնից
Հասարակություն«Ադեկվադ» միաբանության անդամներն ազատ արձակվեցին ոստիկանության Արաբկիրի բաժնից։
Նշենք, որ «Ադեկվադ» միաբանության անդամներին բերման էին ենթարկվել Բաղրամյան 26 հասցեում գտնվող նախագահական նստավայրի հարակից տարածքից:
Հիշեցնենք, որ նրանք այսօր նախագահական նստավայր էին այցելել՝ նամակ հանձնելու նախագահ Արմեն Սարգսյանին։
«Հաշվի առնելով վերջին երկու տարվա ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գրեթե բոլոր կարևորագույն գործընթացերում իշխանությունների շահերի լուռ սպասարկումը, արձանագրում ենք, որ օտարկերկրյա շահերի ներկայացվածությունը՝ ի դեմս ներկայիս իշխանությունների և նախագահ Արմեն Սարգսյանի, ազգային անվտանգության սպառնալիք է: Շարունակական լռություն պահպանելով՝ Արմեն Սարգսյանն արդեն զրկել է իրեն ապագայում հայ ժողովրդի պատմության մեջ որևէ դերակատարում ունենալու հնարավորությունից: Լռել ես մինչ այս, լռիր հետայսու:
Եվրատլանյան դաշինքի տարածաշրջանային շահերի սպասարկման գրասենյակի վերածված նախագահական նստավայրը բոլոր այն արատավոր երևույթների հանգույցն է, որոնց հաղթահարումը կենսական նշանակություն ունի հայկական պետության հետագա գոյության և կենսունակության պահպանման համար»,- ասված էր միաբանության Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: