Հայինկասացիայի 200 աշխատակցի խաբել են․ ազատման դիմումներ են գրել, բայց այլ աշխատանքի չեն տեղավորել
Հասարակություն«Հայինկասացիա» ՓԲԸ 200 աշխատակից բողոքում է, որ օգոստոս ամսից կմնա գործազուրկ, քանի որ կազմակերպությունը լուծարվում է։ Աշխատակիցներին խոստացել են տեղավորել «Երևան ինկասացիա»-ում, ուստի վերջիններս դիմում են գրել, որ դուրս են գալիս «Հայինկասացիայից», սակայն պարզվել է, որ երեկ «Երևան ինկասացիան» փակել են։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում «Հայինկասացիա» ՓԲԸ որոշ աշխատակիցների իրավունքների պաշտպանությունը ստանձնած փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը նկատեց՝ մարդկանց խաբել են։
«Աշխատակիցներից վերցրել են «Հայինկասացիա»-ից աշխատանքից ազատվելու դիմումներ, ապա՝ վերցրել են դիմում, որով աշխատանքի են անցնում «Երևան ինկասացիա» ընկերությունում։ Սակայն, երբ բոլորը ստորագրել են աշխատանքից ազատվելու դիմումները, պարզվել է՝ «Երևան ինկասացիա»-ն չի իրականացնելու ինկասացիոն ծառայություններ և «Երևան ինկասացիա» չկա։ «Երևան ինկասացիա»-ն պատկանում է Խաչատուր Սուքիասյանին։ Աշխատակիցներին ասել են նաև, որ 10-15 հոգու կընդունեն Սուքիասյանին պատկանող «Արարատ ինկասացիա»-ում, բայց դա էլ խնդրի լուծում չէ»,- նշեց Կոչուբաևը։
Ըստ փաստաբանի՝ դրա պատճառն այն է, որ աշխատակիցների շրջանում բունտ չլինի։ Փաստաբանը նշեց նաև, որ փաստերն ուսումնասիրելուց հետո հանդես կգա ծավալուն հայտարարությամբ։