Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը հետքայլ համարողները ինքնախաբեությամբ են զբաղված
АналитическийԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունից հետո, որտեղ շեշտվում էր միասնականության կարևորությունը, տարընթերցումների տեղիք է տվել: ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, մեկնաբանելով մամուլում շրջանառվող՝ Ծառուկյանի հետքայլի մասին թեզերը, ասաց. «Այո´, ես ևս ծանոթ եմ մամուլում շրջանառվող այդ թեզին: Նախ՝ պետք է ասեմ, որ շատ լավ հասկանալի է, թե որ «հայտնի» շրջանակներն են այն շրջանառում: Միևնույն ժամանակ, պետք է հիասթափեցնեմ վերջիններիս, քանի որ պարոն Ծառուկյանի հայտարարությունը բխում էր նրա՝ հունիսի 5-ին կատարած հայտարարությունից, ինչպես նաև ելնում էր մեր երկրի անվտանգության հրամայականից: Երեկվա հայտարարությունը սրտացավ քաղաքացու հայտարարություն էր, և նրանք, ովքեր դրանում հետքայլ են տեսնում, պարզապես զբաղված են ինքնախաբեությամբ, կամ իրենց ցանկությունները իրականի տեղ են ներկայացնում»,-նշեց պատգամավորն ու հավելեց՝ ինչպես հունիսի 5-ին, այնպես էլ երեկ, հստակ մատնանշվել են խնդիրներ, որոնք օրհասական են, և օր առաջ լուծում են պահանջում: «Յուրաքանչյուրս պետք է անենք ամեն ինչ այս իրավիճակից դուրս գալու համար, քանի որ սա և՛ մեր ազգային անվտանգության խնդիրն է, և՛ մեր քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակին անմիջապես վերաբերող խնդիր: Այնպես որ, ինչպես պարոն Ծառուկյանի հայտարարության մեջ էր ասվում, շատ-շատ բան կա անելու, բայց երբ ունես ճանապարհային հստակ քարտեզ այդ խնդիրները հաղթահարելու համար, և երբ պատկերացնում ես անելիքդ` ամենադժվարին հարցն էլ լուծելի է դառնում»,-նշեց նա: