4 ահազանգ. Քաջազնունու փողոցում դանակներով քաղաքացիներ են վիճել, կա 2 վիրավոր
ՏեսանյութերՀուլիսի 21-ին՝ ժամը 20.20-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, րոպեների տարբերությամբ, 4 ահազանգ ստացվեց։ Հայտնում էին, որ Քաջազնունու փողոցի սուպերմարկետի մոտ դանակներով զինված քաղաքացիներ են վիճաբանում:
Ոստիկանությունում հնչած առաջին ահազանգից րոպեներ անց ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբն արդեն դեպքի վայրում էր։ Քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ տուժածները վնասվածքները ստացել են ժամը 20.15-ին, Քաջազնունու փողոցի 8-րդ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Ոստիկանների արդյունավետ և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվեց նաև տղամարդկանց դանակահարած անձի ինքնությունը՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակիչ էր։ Ժամը 21.20-ին նա հայտնաբերվեց Կրիվոյի փողոցում և բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին:
Կասկածվողի մոտ ոստիկանները հայտնաբերեցին հանցագործության գործիք դանակը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։