Չընդունված դիմորդների մի մասը դադարեցրել է պայքարը
ՀասարակությունԳաղտնիք չէ, որ արդեն մոտ 10 օր է՝ դրական միավոր ստացած, սակայն բուհեր չընդունված դիմորդները և նրանց ծնողները պայքարում են իրենց ոտնահարված իրավունքները վերականգնելու համար և բողոքի ակցիաներ են իրականացնում: Նրանք պահանջում են դեմ առ դեմ հանդիպել և խոսել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ, ով իր որոշումները հայտնում էր կա՛մ ֆեյսբուքյան ուղիղ եթերների միջոցով, կա՛մ փոխնախարարի օգնությամբ: Երեկ դիմորդները, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանի միջոցով, նախարարին փոխանցեցին Աստվածաշունչ և խաչ՝ նշելով, որ այսկերպ նախարարը ավելի մոտ կկանգնի եկեղեցուն: Նվերների կապակցությամբ նախարարը դեռևս ոչինչ չի արձագանքել:
Տեսնելով, որ իրենց խնդիրը որևէ կերպ լուծում չի գտնում՝ դիմորդները և նրանց ծնողներից շատերը, հուսահատությունից դրդված, դադարեցրել են իրենց պայքարը. «Երեխաս ընդունվեց Հայ-ռուսական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, որովհետև ոնց հասկացանք՝ հարցը լուծում չէր ստանալու»,- ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց դիմորդի ծնող Սերժիկ Բարսեղյանը:
Այս ընթացքում շատ դիմորդներ շարունակում են իրենց պայքարը՝ այս անգամ արդեն այլ վայրում: Մեզ հետ զրույցում դիմորդ Խաչիկն ասաց, որ այժմ ԱԺ-ում այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում. «ԱԺ-ից շարժվելու ենք Վարչական դատարան՝ հարցին վերջնական լուծում տալու նպատակով»,- ասաց Խաչիկը:
Արփինե Հակոբյան