Վիտալի Բալասանյանն ու Արթուր Վանեցյանը հանդիպել են
ՔաղաքականՕգոստոսի 18-ին Արցախի «Արդարություն» կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի և «Արդարություն» կուսակցության ղեկավար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայությունը։
«ՀՀ բոլոր քաղաքական ուժերի, անհատների, յուրաքանչյուր մտահոգ քաղաքացու հետ հանդիպման ընթացքում մենք շեշտադրել ենք, որ այն, ինչ տեղի է ունենում այսօր, վտանգավոր բնույթ է կրում։ Եթե Մայր Հայրենիքն ընդհուպ մեկ միլիմետրի շեղում արձանագրի, հակապետական զարգացումներ տեղի ունենան, դա կնշանակի՝ կործանում Արցախի, Մայր Հայրենիքի ու համայն հայության համար»,- ընդգծեց Վիտալի Բալասանյանը։
Մատնանշելով Արցախի հերոս Բալասանյանի անուրանալի դերը Արցախի գոյամարտի ու հաղթանակի կերտման գործընթացում՝ Արթուր Վանեցյանը շեշտեց, որ ճիշտ է՝ Արցախի ու Հայաստանի հանրապետությունները միջազգային հարթակներում երկու տարբեր պետություններ են, սակայն միմյանց հետ խորապես փոխկապակցված են «Մեկ հայրենիք, երկու պետություն» գաղափարի շրջանակում։
Արթուր Վանեցյանը նկատեց, որ վերջերս Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններին Վիտալի Բալասանյանը մասնակցեց որպես նախագահի թեկնածու՝ ստանալով բավական շատ ձայներ։ «Ընտրությունների արդյունքները փաստեցին, որ Արցախի ժողովրդի մի ստվար զանգված աջակցում ու վստահում է Վիտալի Բալասանյան քաղաքական ու ռազմական գործչին։ Իզուր չէ նաև, որ Արցախի ԱԺ-ում «Արդարություն»-ը ներկայացված է որպես խորհրդարանական երրորդ ուժ»,-ասաց Վանեցյանը։