Հայկ Մարությանն արգելում էր հրապարակել պարգևավճարների չափը, իսկ ավագանու անդամը պարտադրված կլինի հայտարարագրել իր ծախսերն ու եկամուտը․ սա ողջամիտ չէ
Երեկ Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց նախագիծ, որը վերաբերում էր ավագանու անդամների հայտարարագրմանը։ Ըստ նախագծի՝ ավագանու անդամները պետք է հայտարարագրեն իրենց ծախսերն ու եկամուտները։ Նախագծի ընդունմանը եղան և կողմ, և դեմ կարծիքներ։ ԼՈՒՐԵՐ․com-ը այս թեմայով կապ հաստատեց Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի հետ, որը մեզ հետ զրույցում դեմ արտահայտվեց նախագծի ընդունմանը․ «Այստեղ կան բազմաթիվ բարդություններ և հարցեր, բայց ինձ ամենից շատ մտահոգում են այն համայնքերը, որտեղ, առհասարակ, խնդիր կա թեկնածու ներգրավելու։ Քանի որ ավագանու անդամի պաշտոնը ամբողջությամբ հասարակական է, աշխատավարձ չկա և այս պայմաններում պահանջել հայտարարգրել եկամուտներն ու ծախսերը` լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Հնարավոր է, որ մարդիկ կաշկանդվեն և այլևս չառաջադրվեն որպես ավագանու թեկնածու»,-նշեց Երևանի ավագանու անդամը։
Դավիթ Խաժակյանը անդրադարձավ նաև մի խնդրի, որի կարգավորման մասով նախագծում չկա որևէ կետ, և այդ խնդիրը առկա է նաև իր մոտ․ «Կան շատ անձինք, որոնք աշխատում են մասնավոր կազմակերպություններում և ունեն աշխատանքային պայմանագիր, որով արգելված է նշել ստացվող եկամուտի չափը, քանի որ այն համարվում է կորպորատիվ գաղտնիք։ Ավագանու անդամից պահանջել հրապարակել կորպորատիվ գաղտնիք այն պարագայում, երբ նա պետությունից գումար չի ստանում, խիստ վիճահարույց է։ Ես ևս իմ մասնավոր կազմակերպությունում ունեմ այդ խնդիրը: Իհարկե, բոլորը գիտեն՝ ես որտեղ եմ աշխատում, բայց աշխատավարձիս չափը հանդիսանում է կորպորատիվ գաղտնիք, որը թաքցնելու խնդիր ես չունեմ, բայց կազմակերպության տեսանկյունից այն առևտրային գատնիք է։ Ստացվում է՝ կորպորատիվ մասնավոր գաղտնիքը դառնում է հրապարակային, և դրանով պետությունը խաթարում է մասնավոր կազմակերպության շահերը»,- պարզաբանեց նա։
Մեր այն հարցին՝ արդյոք հնարավոր չի համարում, որ այդ նախագիծը կարող է նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը, Խաժակյանը պատասխանեց․ «Մենք խոսում ենք մարդկանց մասին, որոնք չեն վարձատրվում իրենց կատարած աշխատանքի համար, ոչ մի շահ չունեն, որն արդեն որոշակի պատկերացում է տալիս ավագանու անդամի մասին։ Ասում են՝ այդ անհանգստությունը վերաբերում է հատկապես միջին համայնքների մարդանց, որտեղ ավագանու որոշմամբ հողերի մասնավորեցում է կատարվում։ Եթե մենք հիմա նստենք, քննարկենք, թե քանի այլընտրանքային ճանապարհով է հնարավոր այդ եկամուտները կամ հողերը թաքցնել, բազմաթիվ տարբերակներ կմտածենք»:
Վերջինս խնդիրը ավելի պատկերավոր ներկայացնելու համար վերհիշեց նախկին պատգամավորներին, որոնք ևս հայտարարագրվում էին․ «Երբ նախկինում պատգամավորները հայտարարագրվել էին, արդյո՞ք առաջադրված խնդիրը արդյունավետ կերպով լուծվել է։ Կարծում եմ՝ ոչ»։
Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում հիշեց նաև Հայկ Մարությանին, որը, ըստ նրա, արգելել էր հրապարակել քաղաքապետարանի աշխատակիցների պարգևավճարների չափը․ «2019 թվականի տարեսկզբին Հայկ Մարությանը կռիվ էր տալիս, որ հանկարծ չհրապարակվի պարգևավճարների չափը, որը տալիս էր քաղաքապետարանի աշխատակիցներին։ Եվ ասում էր՝ այստեղ կա մասնավոր տեղեկության անձնական տվյալ, թե ով ինչքան է ստանում։ Աբսուրդը այստեղ կայանում է նրանում, որ դա համայնքային միջոց էր, և իրենք կռիվ էին տալիս, իսկ այստեղ մենք խոսում ենք միջոցների մասին, որոնք ավագանու անդամը ստանում է մասնավոր աշխատանքներ կատարելու շնորհիվ։ Եվ ավագանու անդամին պարտադրել, որ ինքը հրապարակի այն եկամուտների չափը, որը ստանում է մասնավոր կազմակերպություններից, առնվազն ողջամիտ չէ»,- եզրափակեց նա։
Զվարթ Պետրոսյան