Ինչո՞ւ են իմքայլականները խուսափում պատգամավորի գրավիչ պաշտոնից
PoliticalՎերջերս շատ են խոսակցություններն այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունում տարաձայնությունների ալիք է բարձրացել, որի պատճառով որոշ պատգամավորներ արդեն վայր են դրել իրենց մանդատը, իսկ ոմանք էլ պատրաստվում են դա անել: Հիշեցնենք, որ մանդատը վայր են դրել Էդգար Առաքելյանը, Արսեն Ջուլֆալակյանը, և պատրաստ են մանդատը վայր դնել իմքայլականներ Լուսինե Բադալյանը, Գայանե Աբրահամյանը և Արմեն Փամբուխչյանը:
Ըստ տարածված խոսակցությունների՝ Արսեն Ջուլֆալակյանը մանդատը վայր դրեց, քանի որ տարաձայնություններ ուներ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ: Լուսինե Բադալյանը տարաձայնություններ ունի ԱՆ նախարար Արսեն Թորոսյանի հետ, իսկ Գայանե Աբրահամյանը՝ ՍԴ-ի: ԼՈՒՐԵՐ.com-ը հասկանալու համար՝ ինչ է կատարվում խմբակցության ներսում, կապ հաստատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ տարաձայնություններ խմբակցությունում եղել են, կան, և շարունակելու են լինել. «Կարծում եմ՝ նորմալ է, երբ խմբակցության ներսում մարդիկ ունեն իրենց կարծիքը, տեսակետն ու պնդումները: Հակառակ դեպքում՝ դա կնշանակեր միատոն կուսակցություն կամ խմբակցություն, իսկ այս պարագայում դա այդպես չէ: Սակայն այդ տարաձայնությունները, այնուամենայնիվ, կարծում եմ՝ չեն տանի դեպի քայքայման: Հուսով եմ՝ այդ տարաձայնությունները կմնան կառուցողական փուլում»,- նշեց պատգամավորը:
Սոֆյա Հովսեփյանը խմբակցության ներսում կատարվող փոփոխություններին տալիս է դրական գնահատական, սակայն ափսոսանք է հայտնում Արսեն Ջուլֆալակյանի և Էդգար Առաքելյանի՝ խմբակցությունից դուրս գալու համար. «Փոփոխություններին դեմ չեմ, կարծում եմ՝ նորմալ է, երբ փոփոխություններ են լինում: Ես չեմ ասի՝ այս կյանքում չկան անփոխարինելի մարդիկ, բայց կան նաև մարդիկ, որոնք շատ կարևոր դեր ունեն և իրենց փոխարինողները չեն լինի նույնը՝ ինչ որ նախորդները: Մեր դեպքում, այնուամենայնիվ, պետք է նշել, որ թե՛ պրն. Ջուլֆալակյանը, թե՛ պրն. Առաքելյանը, բավականին լուրջ կարևորություն ունեցող մարդիկ են եղել, և շատ ափսոսում եմ, որ իրենք այլևս մեր կողքին չեն: Այն, ինչ իրենք կարող էին անել, անգամ, մենք՝ ներսում եղածներս, կդժվարանանք անել: Յուրաքանչյուր փոփոխություն էլ որևէ կերպ ազդելու է «Իմ քայլը» -ի վրա: Կարծում եմ, որ պետք է շատ ուշադիր և զգոն լինենք և եթե արդեն եկել է փոփոխությունների այդ ժամը, ապա շատ առողջ փոփոխություններ պետք է լինեն »,- ընդգծեց նա:
Վերջինս նշեց, որ «հեռացած» իմքայլականներին փոխարինող եկածները չեն կարող բողոքի ալիք բարձրացնել հասարակության մեջ. «Մենք չպետք է մտածենք հաջորդ եկողների մտահոգությունների մասին, քանի որ ձայն տվող մարդիկ կարող էին և ակնկալել, որ հաջորդ եկողները կլինեն նույն ցուցակի մարդիկ, այնպես չէ, որ հասարակությունը խնդիր է ունցել այս կամ այն մարդու հետ: Այստեղ խնդիրը այլ է՝ որքանով էր ճիշտ իրենց՝ մեր շարքերը լքելը, ինձ համար շատ կարևոր է երկուսի դերը և գործը: Մնացած առումներով մարդիկ ծանոթ են եղել ցուցակին, և եթե ունենային առարկություններ, ապա նրանք իմաց կտային այդ մասին: Մարդիկ մեղք չունեն, որ իրենք ցուցակի ստորին հատվածում են եղել, չէ որ քանակը շատ էր և բնական է՝ ինչ-որ մեկը պետք է զբաղեցներ այդ տեղը»,- ասաց պատգամավորը:
Մեր այն հարցին, թե հնարավոր է՝ պատգամավորի պաշտոնը այլևս այդքան էլ գրավիչ չէ մեր ժամանակներում, ինչի պատճառով էլ պատգամավորները վայր են դնում իրենց մանդատը, պատասխանեց. «Պատգամավորի պաշտոնը երբևէ չպետք է լիներ գրավիչ, քանի որ այն բավականին լայն վեկտրով աշխատանք է իրենից ենթադրում: Ժամանակին գիտենք, որ այդ մանդատը ծառայեցրել են իրենց բիզնես շահերի առումով, իսկ 7-րդ գումարման Ազգային ժողովը տարբերվել է նրանով, որ մարդիկ երբևէ չեն ունեցել բիզնեսներ և իրենց մանդատը չեն կարողանա ծառայեցնել իրենց շահերին: Փորձը ցույց է տալիս, որ անգամ այն մարդիկ, որոնք այդ ամենի մեջ են եղել, կամ փորձում են լինել, այնուամենայնիվ, մանդատը ոչ մի կերպով չի օգնում, ավելին՝ շատ է խանգարում»,- եզրափակեց Սոֆյա Հովսեփյանը:
Զվարթ Պետրոսյան
այդ տարաձայնությունները կմնան կառուցողական դաշտում: