Ամբողջ համայնքը սգում է քաջերի մահը. երկվորյակ եղբայրները հպարտ էին, որ ծառայելու են
ՀասարակությունԱրցախա-ադրբեջանական սահմանին ընթացող մարտերի ընթացքում զոհված երկվորյակ եղբայրներ՝ Վահե և Էդգար Առաքելյանները բանակ էին զորակոչվել մոտ մեկ տարի առաջ: Եղբայրները Հրազդան քաղաքից էին, սովորում էին Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի երրորդ կուրսում:
Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց՝ եղբայրները հպարտ էին, որ բանակ են գնալու. «Ծառայել միշտ են ուզել, հատկապես, Արցախում, բայց միշտ նշում էին, որ միասին պետք է ծառայեն»:
«Վահեն ու Էդգարը ավագ եղբայր ունեն, որը կամավորագրվել էր՝ առաջնագիծ գնալու համար»,- նշեց քաղաքապետը:
Միքայելյանն ընդգծում է՝ Վահեն ու Էդգարը հայրենասեր, ազգին նվիրված եղբայրներ էին. «Մեր քաղաքում շատ հարգված, սիրված, համեստ տղերք էին: Հերոսաբար ընկան՝ հանուն հայրենիքի, Արցախ աշխարհի և վաղվա մեր ապագայի համար»:
«Ամբողջ համայնքը սգում է քաջերի մահը՝ մեծից-փոքր: Խորին ցավակցությունս, զորակցությունս եմ հայտնում նրանց ընտանիքին, որ նման հերոս տղերք են տվել հայրենքին. խոնարհվում ենք նրանց առջև»,- ասաց Միքայելյանը:
Նշենք, որ երկվորյակ եղբայրների հուղարկավորությունն այսօր էր:
Արփինե Հակոբյան