Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում. Հովհաննիսյան
ՀասարակությունՌազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և Շուշիի շրջակայքում, մեր զորքերը հերոսական պայքար են մղում` Շուշին պաշտպանելու և որոշ դիրքերում, որտեղ արդեն հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Ամբողջ ցերեկ` վաղ առավոտից, համառ մարտեր են եղել: Իրենք երեկ ցերեկը, գիշերը սկսել էին մեծ խմբերով արդեն ներթափանցել քաղաք, և մերոնք, կատարելով վերախմբավորում, հակառակ գործողություններ են արել: Այսինքն` չկա այնտեղ կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն և ունի լիարժեք նախաձեռնողականություն քաղաքի և շրջակայքի տարածքների վերահսկողության նկատմամբ»,- ասաց նա: