Մտավորականների հավաք է լինելու. կընդունվի կոչ՝ ուղղված հայ ժողովրդին և ներկա իշխանություններին
ՀասարակությունՄեր տեղեկություններով, վաղը՝ դեկտեմբերի 8-ին, մտավորականների հավաք է լինելու «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով, որի ժամանակ կընդունվի կոչ` ուղղված հայ ժողովրդին և ներկա իշխանություններին։
Մեր տրամադրության տակ է հայտնվել մտավորականներին ուղղված նամակը, որը ներկայացնում ենք ստորև.
«Մտավորականությունը, իրավամբ, համարվում է ազգի կենսունակության «իմունիտետը», ազգի հավաքական ցանկությունների թարգմանը, մեկնիչը, դրոշակակիրը․․․
Այսպես կարելի է անընդհատ շարունակել:
Այժմ, երբ մեր հայրենիքը գտնվում է օրհասական վիճակում, խորը ճգնաժամի մեջ, պատվազրկման և հայրենազրկման պայմաններում, ժողովուրդը արդարացիորեն տարակուսում է՝ ուր է մեր մտավորականությունը․․․
Մտավորականի խոսքին ունկնդրելը այժմ դարձել է հասարակական պահանջ։
Այսպիսի մտահոգություններով և իրենց խղճի թելադրանքով Հայաստանի մտավորականությունը (մասնակիորեն մշակույթի գործիչները) դեկտեմբերի 8-ին` ժամը 14։00-ին, MEZZO ակումբում կազմակերպում են հավաք՝ «Ներկա իրավիճակում մտավորականի դերը» խորագրով։
Մտավորականների մասնակցությունն ընտրովի է և սահմանափակ։
Կընդունվի կոչ` ուղղված հայ ժողովրդին և ներկա իշխանություններին։
Նախաձեռնող խումբ»: