Իրանում կախաղան է բարձրացվել Amad News լրատվական ծառայության ղեկավարը
ԻրանԻրանում շաբաթ օրը մահապատժի է ենթարկվել Amad News լրատվական պորտալի ղեկավար Ռուհոլլահ Զամը, հաղորդում է Mehr News-ը:
Հաղորդվում է, որ մահապատիժն իրականացվել է շաբաթ առավոտյան՝ կախաղանի միջոցով: Անցնող շաբաթվա սկզբին հայտնի դարձավ, որ Իրանի իշխանությունները հաստատել են Amad News լրատվական պորտալի ղեկավարի մահապատժի դատավճիռը։ Նա օգնություն էր ստացել օտարերկրյա հետախուզական ծառայություններից: 2019-ի հոկտեմբերի կեսերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարեց Զամի ձերբակալման մասին: Ըստ աղբյուրների՝ Զամը ակտիվորեն լուսաբանել էր 2017-ի դեկտեմբերի և 2018-ի հունվարի բողոքի ցույցերը ամբողջ Իրանի տարածքում: Լրատվական պորտալի ղեկավարը, ինչպես նշում է IRNA գործակալությունը, ձերբակալվել է «հակահեղափոխական գործողությունների» համար: Հաղորդվում էր, որ նրա գործողություններն ուղղորդվել են ֆրանսիական հետախուզության կողմից, և նա աջակցություն է ստացել ԱՄՆ-ի և Իսրայելի հետախուզական ծառայություններից: Ըստ «Associated Press» գործակալության՝ Զամն ապրում էր Փարիզում՝ որպես աքսորյալ։