Միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը վերցնել իրենց անմիջական վերահսկողության տակ. Մինասյան
ԲլոգոսֆերաՌիսկ կա, որ Հայաստանի տնտեսությունը կհայտնվի դեֆոլտի շեմին։ Օրեցօր ավելանում է պարտքի սպասարկումը՝ տոկոսների վճարումը: Դա նշանակում է, որ Հայաստանը ոչ միայն չի կարող նոր պարտք վերցնել, այլև միջազգային ֆինանսական ինստիտուտները կարող են Հայաստանի տնտեսությունը վերցնել իրենց անմիջական վերահսկողության տակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Մեկ ամիս առաջ կառավարությունը 750 մլն դոլարի եվրաբոնդեր է բաշխել՝ դրանով իսկ 10 տոկոսով ավելացնելով պետական պարտքը։ Այդ գումարը պետք է ծախսեին տնտեսության զարգացման վրա, որպեսզի տնտեսական ակտիվություն լիներ, ՀՆԱ-ն աճեր, սակայն, ինչպես պարզվեց, գումարը կծախսվի աշխատավարձերի և, իհարկե, պարգևավճարների վճարման վրա։
Իշխանափոխությունից հետո պետական պարտքն աճել է 2,3 մլրդ դոլարով։ Մինչև տարեվերջ պետական պարտքը կհատի շեմը և կհասնի ՀՆԱ-ի 70% - ի շեմին։ Պետական պարտքի մասին օրենսդրությամբ թույլատրելի պարտքի սահմանը կազմում է 60 տոկոս, որն այս պահին Հայաստանում արդեն կազմում է 65-66 տոկոս: Այսինքն՝ պետական պարտքն արդեն անցել է օրենսդրությամբ սահմանված շեմը։
Բացի այդ, պարտքի 70% - ը արտարժույթով է, իսկ դա ռիսկային է դառնում արժույթի փոխարժեքի փոփոխության դեպքում։ Այս պահին ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար կա 2960 դոլարի իրական պարտք։ Հայաստանի քաղաքացիները թանկ են վճարում Նիկոլի սխալների համար։ Նաևֆինանսապես: Թանկ են վճարում իրենց երեխաների կյանքի գնով՝ հաջորդ սերունդներին թողնելով հսկայական պարտքեր և անմրցունակ տնտեսության դատապարտված Երկիր։