Արմեն Սարգսյանը երեք օր մտածելու ժամանակ ունի
ՔաղաքականՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երեք օր ժամանակ ունի ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից Օնիկ Գասպարյանին ազատելու հրամանագիրը ստորագրելու կամ այլ որոշում կայացնելու համար։ ՀՀ Սահմանադրության 133-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Սահմանադրության 139-րդ հոդվածի հիմքով էլ՝ Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին:
Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված կետերից որևէ մեկը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով: