Նախագահը հրամանագիրը չի ստորագրել, որ այն ուժի մեջ մտնի. նա դավադիր իշխող ուժի հետ նորից գնաց գործարքի. սահմանադրագետ
PoliticalԻնչպես հայտնեցինք քիչ առաջ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ չի ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու մասին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդագիրը: Այդ հայտարարության հետ մեկտեղ սկսեց շրջանառվել նաև տեղեկություն այն մասին, որ ԳՇ պետին աշխատանքից ազատելու մասին հրամանագիրը ինքնաբերաբար ուժի մեջ է մտնելու մարտի 4-ին: Այս թեմայով մանրամասներ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ, որն ասաց՝ նախագահը հրամանագիրը առաջին անգամ չստորագրելուց հետո հայտարարեց, որ առերևույթ հակասահմանադրական էր հրամանագիրը. «Սահմանադրության 123-րդ հոդվածի համաձայն, նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Այսինքն, նա, կարծելով՝ առերևույթ այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրությանը, ամեն դեպքում չի ստորագրում այն, անգործություն է դրսևորում ինչի հետևանքով, միևնույն է, հրամանագիրը իրավունքի ուժով ուժի մեջ է մտնելու»,- նշեց սահմանադրագետը:
Վերջինս ասաց, որ, ուսումնասիրելով նախագահի գործունեությունը, կարելի էր ենթադրել, որ Արմեն Սարգսյանը ամեն դեպքում Սահմանադրության ոգուն ոչ հարիր ինչ-որ գործընթաց է մեկնարկելու. «Նա հերթական անգամ ապացուցեց, որ Նիկոլ Փաշինյանը կարողանում է իր վրա ազդեցություն ունենալ»,- ասաց սահմանադրագետը:
Նա նշեց, որ հնարավոր է հետագայում նախագահի պաշտոնանկության գործընթաց մեկնարկի. «Նախագահին իշխող ուժի արբանյակները շանտաժ էին անում, որ հրամանագիրը չստորագրելու պարագայում, նրա նկատմամբ կարող է մեկնարկել իմպիչմենտի գործընթաց, սակայն դա չէր կարող տեղի ունենալ, քանի որ որևէ հիմք չունեին դա անելու: Այս պարագայում նրա նկատմամբ հնարավոր է հետագայում պաշտոնանկության գործընթաց մեկնարկի, քանի որ Սահմանադրության 155-րդ հոդվածն ասում է՝ նախագահի կողմից Սահամնադրության կոպիտ խախտման պարագայում հնարավոր է նրա պաշտոնանկության գործընթացի մեկնարկում»,- պարզաբանեց Գոհար Մելոյանը:
Մեր զրուցակիցը ընդգծեց, որ նախագահը դիտավորյալ ոչինչ չի անում, որ այդ հրամանագիրը ուժի մեջ մտնի. «Նախագահը անգործության է մատնվում այն էլ այն դեպքում, երբ ինքը ևս այն անվանել է հակասահմանադրական: Արմեն Սարգսյանն այն չի ստորագրել, որ հրամանագիրը ուժի մեջ մտնի: Նա, երբ նախագահի պաշտոնն էր ստանձնում, դժգոհում էր, որ այդ պաշտոնում իր լիազորությունները սահմանափակված են. Արմեն Սարգսյանն ունի Սահմանադրությամբ մեկ հիմնական դեր, գործառույթ և լիազորություն՝ Սահմանադրության կարգի պահպանում: Այս պարագայում քննադատելի է նախագահի նման կեցվածքը և շատ ցավալի է, որ նա հերթական անգամ այսպիսի դավադիր իշխող ուժի հետ գնաց գործարքի»,- եզրափակեց սահմանադրագետը:
Զվարթ Պետրոսյան