Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը. մանրամասներ զինծառայողի մասին
SocietyԻնչպես հայտնել էինք, մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Զինծառայողներից դեռ որևէ լուր չկա: Մանրամասներ իմանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց Արմավիրի մարզի Արգինա համայնքի ղեկավար Ռոստամ Արոյանի հետ, որն ասաց, որ կորած զինծառայողներից Կարեն Պետրոսյանը, Ջերմուկի զորամաս է տեղափոխվել Քարվաճառի զորամասերից մեկից։
Արգինա համայնքի ղեկավարը նշեց՝ դեռ տեղեկություն չունեն կորած զինծառայողների մասին: Նա նաև հավելեց, որ կորած պայմանագրային զինծառայողներից Կարեն Պետրոսյանի որդին անցած տարի աչքի է ընկել իր խիզախությամբ. «10-ամյա Արմեն Պետրոսյանը անցած տարի փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Նա խիզախության համար մեդալ էր ստացել»,- ասաց Ռոստամ Արոյանը:
Վերջինս հայտնեց, որ Կարեն Պետրոսյանը 15 տարի է, ինչ պայմանագրային զինծառայող է, ամուսնացած է, ունի 3 անչափահաս երեխա՝ մեկ տղա, 2 աղջիկ:
Ռոստամ Արոյանը, խոսելով Կարեն Պետրոսյանի մասին, նշեց՝ թեև մի քանի անգամ է շփվել նրա հետ, սակայն վերջինս իր վրա թողել է շատ բարի, լավ անձնավորության տպավորություն. «Նորմալ, մարդասեր, հայրենասեր, ընկերասեր մարդ է Կարենը: Պատերազմից հետո ինքը շատ ծանր է տարել իր ընկերների կորուստը, հոգեպես ընկճված էր շատ»,- ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ Կարենը առողջական խնդիրներ ուներ, մասնավորապես՝ մեջքի ցավ, քանի որ 15 տարի շարունակ ծառայել է ցուրտ, սառը Քարվաճառում:
Զվարթ Պետրոսյան