Ալեն Սիմոնյանը թո՛ղ զգույշ լինի, որ իր բուռն պատգամավորական գործունեությունը բուռը չմնա. Վարդան Աթաբեկյան
PoliticalԱյսօր՝ մարտի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանն ասաց, որ «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորները՝ Սոֆիա Հովսեփյանը, Գոռ Գևորգյանը և Վարդան Աթաբեկյանը, չեն կարող հպարտանալ բուռն պատգամավորական գործունեությամբ ո′չ անցյալում և ո′չ էլ ներկայում:
Մեկնաբանություն ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը կապ հաստատեց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանի հետ, որն ասաց՝ Ալեն Սիմոնյանը թող զգույշ լինի. «Ալեն Սիմոնյանը իր բուռն պատգամավորական գործունեության ժամանակ բուռն դրվագներ է ունեցել, թո՛ղ զգույշ լինի, որ բուռը չմնա: Իսկ եթե Վարդան Աթաբեկյանին պետք լիներ բուռն պատգամավորական գործունեություն ծավալել, հաստատ կկարողանար, ուղղակի պետք չի եղել, այդ պատճառով չի ծավալել»,-նշեց նա՝ ընդգծելով, որ բուռն պատգամավորական գործունեություն ասվածը տարբեր իմաստներով կարելի է հասկանալ. «Ի՞նչ նկատի ուներ Ալեն Սիմոնյանը, դատարկ խոսե՞լը: Իմ ընտրողները գիտեն, թե ես ինչ եմ արել, թե ինչով եմ զբաղվել: Եթե իրեն թվում է, թե 2 հատ օրենքի նախագիծ բերելով ապահովել է իր բուռն պատգամավորական գործունեությունը, ապա մոտ ժամանակներս ընտրություն կլինի ու էդ «բուռնի» գնահատականը կստանա ինքը»,- ընդգծեց պատգամավորը:
Վերջինս իր զարմանքը հայտնեց այն մասով, թե երկրում տիրող նման բարդ իրավիճակում Ալեն Սիմոնյանն ինչպես է որոշում խոսել բուռն պատգամավորական գործունեությունից. «Դրանով արդեն բացատրվում է Ալեն Սիմոնյանի մոտեցումը այս ճգնաժամային իրավիճակին: Հերթական անգամ անիմաստ քննարկում են ստեղծել, բազմիցս զգուշացրել եմ ու էլի եմ զգուշացնում, որ զերծ մնան նմանատիպ խոսակցություններից, որովհետև դրանով ստիպում են, որ պատասխանեմ, իսկ պատասխանելուց ստիպված ես լինելու ներքին խոհանոց բացել, որը հաստատ իրենց դուրը չի գա: Լավ կլինի՝ իրենց կոռեկտ պահեն ու անիմաստ հարցերով չզբաղվեն»,- ասաց Վարդան Աթաբեկյանը:
«Գերիների ու երկիրը ճգնաժամից դուրս բերելու խնդիր ունենք, դատարկաբանությամբ զբաղվելու ժամանակ չկա»,- եզրափակեց պատգամավորը:
Զվարթ Պետրոսյան