Ծնողները տներում սեղաններ էին գցել, հագուստով և քաղցրավենիքով եկել էին օդանավակայան․ Նաիրա Զոհրաբյան
ՔաղաքականՏեղի ունեցածն անարգանք է Հայաստանի Հանրապետության և ռազմագերիների ծնողների հասցեին: Այս մասին այսօր՝ ապրիլի 9-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով գերիների վերադարձի հետաձգմանը. «Խորհրդարանական մեծամասնության պատգամավորներից մեկի կայքն առաջինն ավետեց, որ քիչ անց Բաքվից Երևան կժամանի հայ ռազմագերիներ բերող ինքնաթիռը, այնտեղ էին լրատվամիջոցները, որոնք փորձում էին օնլայն լուսաբանել բոլորիս համար սպասված այդ տեսարանը։ Զարհուրելին այն է, որ ես գիտեմ՝ որոշ ծնողների ասել էին, որ այսինչ ժամին եղեք օդանավակայանում, ծնողները տներում սեղաններ էին գցել, հագուստով և քաղցրավենիքով եկել էին օդանավակայան։ Հիմա ուզում եք ինձ համոզել՝ որևէ մեկը չգիտե՞ր, որ պայմանավորվածություն է խախտվելու»,- ասաց նա։
Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ տեղեկություն ուներ, որ առաջիկա օրերին 20–22 ռազմագերի է գալու. «Միգուցե ուրիշները ավելիի մասին գիտեին, բայց ես ինձ թույլ չտվեցի իմ՝ ոչ հաստատված տեղեկությունը լայնորեն PR անել էջերում, ինչպես դա անում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները»,- ասաց Զոհրաբյանը։
Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ԱԺ կին փոխխոսնակը խոսում է Թուրքիայի և Ադրբեջանի խաղասիրության մասին, իսկ միաժամանակ Բաքվի ռազմաարդյունաբերական գործարանում արտադրվում է «Իթի գովան» անվամբ ԱԹՍ, ինչը թարգմանաբար նշանակում է սատկացնել շան նման. «Եվ դա Ալիևի այն հայտարարությունն էր, որ հայերին պետք է սատկացնել շան նման։ Ինձ հասկանալի չէ իրենց մարդասիրությունը, երբ այդ ամենի ֆոնին նվաստացնում են ռազմագերու մորը։ Երբ նա, իր որդու սիրելի խուրմաները ձեռքին, գալիս էր օդանավակայան, պայուսակում՝ հագուստ, քանի որ չգիտեր՝ իր որդին ինչ հագուստով է իջնելու, ես թքել եմ նման խաղաղասիրության վրա»,- ընդգծեց պատգամավորը։