Ինչ նպատակ էր հետապնդում Ալիևների՝ «Սոսիների պուրակ»-ում լուսանկարվելը
ՀասարակությունԵրեկ՝ ապրիլի 26-ին, Ալիևների ընտանիքը լուսանկար էր հրապարակել «Սոսիների պուրակ» արգելավայրից: Քանի որ արգելավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, օգտատերերը սկսեցին լայնորեն շրջանառել այն փաստը, որ Ալիևներն այցելել են հենց Սյունիքի մարզ: Արգելավայրը, որը ստեղծվել է 1958 թվականին, գտնվում է Ծավ և Շիկահող գետերի ափին:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Շիկահողի համայնքապետ Նարե Ղազարյանն ասաց, որ, տեսնելով լուսանկարը, անակնկալի են եկել, քանի որ «Սոսիների պուրակ»-ը Ներքին Հանդի հարակից հատվածն է՝ գետի երկայնքով։
««Սոսիների պուրակ»-ը կազմում է, մոտավորապես, 64 հա տարածք, որը գտնվում է Սյունիքի մարզում, իսկ տարածքը, որտեղից Ալիևները հրապարակել են լուսանկարը, գտնվում է Հանդ գյուղից 1-2 կմ հեռավորության վրա: Արգելավայրի՝ մինչև Ադրբեջանի Ռազդարա գյուղ տանող հատվածը 64 հա է, մյուսը, որը համարվում է Արցախի Հանրապետության տարածք, 110 հա. դա «Սոսիների պուրակ» արգելավայրի շարունակությունն է»,- նշեց Շիկահողի ղեկավարը:
Ղազարյանը նկատեց՝ ծառը, որ նկարում գրկել են Ալիևները, համարակալվել է դեռ տարիներ առաջ. «Այն, որ նկարում սոսի ծառ է, և Ալիևը նկարվել է գետի մոտ՝ փաստ է, ու նա հենց այնպես չի եկել այդտեղ: Նկարվել է, որպեսզի ցույց տա, թե ինչքան մոտ են գտնվում մեզ, թե ինչպես են կանգնել հայկական հողի վրա: Փաստացի, գրկել է հայկական սոսի, որը Ադրբեջանում երբեք չի եղել, այն դեռ շատ հնուց համարվում է հայկական»:
Արգելավայրը գտնվում է «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո, որի նախկին տնօրեն Կարեն Կիրակոսյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ընդգծեց, որ «Սոսիների պուրակ»-ի, մոտավորապես, 110 հա տարածք գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կովսական համայնքում, որը Սյունիքի մարզում գտնվող 64 հա տարածքի բնական շարունակությունն է:
«Այդ լուսանկարի արգելավայրը շատ մոտ է մեր սահմանին, բայց Սյունիքի մարզում չէ: Թե՛ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածքում, թե՛ Արցախի տարածքում «Սոսիների պուրակ»-ը ոչ թե արգելոցի, այլ արգելավայրի կարգավիճակ ուներ՝ մինչև նոյեմբերյան հայտարարությամբ հանձնվեց: Արցախի տարածքում արգելավայր ստեղծվել է 2018 թվականին իմ նախաձեռնությամբ, որը հիմա ադրբեջանցիների վերահսկողության տակ է»,- եզրափակեց Կիրակոսյանը:
Նշենք, որ 2020 թվականի դեկտեմբերին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե «Սոսու պուրակ» արգելավայրը գտնվում է ՀՀ պետական սահմաններում, և որևէ հատված չի զիջվել կամ կրճատվել:
Արփինե Հակոբյան