Պետությունը նպատակ է դրել պատվաստել հնարավորինս մեծ թվով քաղաքացիների. Ավինյան
ՀասարակությունՊետությունը ցանկանում է ունենալ կորոնավիրուսի դեմ հնարավորինս շատ թվով պատվաստված քաղաքացիներ, այդ ուղղությամբ քաղաքականությունը միտված է լինելու հնարավորինս շատ մարդկանց համոզելուն, խրախուսելուն, որ պատվաստվեն: Այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը՝ AstraZeneca-ով պատվաստումից հետո լրագրողների հետ զրույցում:
Տիգրան Ավինյանը պատվաստումը այս տարվա կարևորագույն գործընթացներից մեկը համարեց: «Պատվաստման տեմպերը տարբեր երկրներում էականորեն ազդել են ներքին կարգավորումների, զբոսաշրջության, այլ երկրների հետ հարաբերությունների և առհասարակ տնտեսական իրավիճակի վրա: Միանշանակ, մեր քաղաքականությունը պետք է լինի հնարավորինս շատ մարդկանց համոզել, խրախուսել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին մասնակցեն»,-ասաց Ավինյանը:
Նա նկատեց, որ պատվաստումն էականորեն ազդում է նաև կորոնավիրուսի թվերի վրա՝ նշելով, որ ինչպես այլ երկրների փորձն է ցույց տալիս, պատվաստումների քանակը դրականորեն է ազդում, և այդ երկրները կորոնավիրուսի նոր դեպքերի բավականին ցածր քանակ են գրանցում: