«Բարսելոնան» մտադիր է մրցաշրջանի ավարտին աշխատանքից հեռացնել Կումանին
ՍպորտԻսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտից հետո կհեռացնի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանին, հաղորդում է Mundo Deportivo-ն՝ վկայակոչելով Rac1 ռադիոկայանին: Ինչպես նշվում է նյութում, հոլանդացի մասնագետը 99% հավանականությամբ չի գլխավորի թիմը նոր մրցաշրջանում՝ չնայած այն բանին, որ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը: Կումանը կարող է պահպանել իր պաշտոնը միայն այն դեպքում, եթե ակումբի ղեկավարությունը չգտնի իրեն փոխարինող:
Կումանը «Բարսելոնայի» ղեկավարությունը ստանձնեց նախորդ տարվա օգոստոսին: Կատալոնական թիմը մրցաշրջանի ավարտին չի բարձրանա Իսպանիայի առաջնության երրորդ տեղից վեր: Չեմպիոնների լիգայում «կապտանռնագույնները» 1/8 եզրափակչում զիջեցին ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենին»: