Նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային. ՀՀ նախագահը՝ նոր հնարավոր փաստաթղթի մասին
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներգրավված չէ նոր հնարավոր փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ: Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ արձագանքելով սահմանազատման հետ կապված հնարավոր նոր փաստաթղթի մասին հարցին:
«Հանրապետության նախագահը ձեր նշած փաստաթղթին առնչվող գործընթացների մեջ ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, բացարձակապես տեղեկացված չէ այդ փաստաթղթի մանրամասների և դրան վերաբերող քննարկումների մասին:
Հանրապետության նախագահը համարում է, որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- ասված է պարզաբանման մեջ:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»: