Պետք է ընդլայնել ՌԴ-ի հետ անվտանգային համաձայնագիրը և Սյունիքում կազմակերպել նոր զորամիավորման ստեղծում․ Գորգիսյան
Քաղաքական«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստանի անվտանգության համակարգի արդիականացման և զինված ուժերի վերակազմակերպման նպատակով առաջարկում է վերանայել ռազմական դոկտրինան։ Կուսակցության մայիսի 23-ին կայացած 3-րդ համագումարի ժամանակ այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ ներկայացնելով կուսակցության ծրագիրը։
«Արդիականացնել և վերազինել բանակը, ամրացնել և նորագույն տեխնոլոգիաներով կառուցապատել նոր ձևավորված պետական սահմանը, սահմանի պահպանումը ստանձնել միայն պրոֆեսիոնալ զինծառայողներով։ Թուրք-ադրբեջանական նոր սպառնալիքներին դիմակայելու նպատակով ընդլայնել Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգային համաձայնագիրը և Սյունիքում կազմակերպել նոր զորամիավորման ստեղծում»,- ընդգծեց Գորգիսյանը։