Վնասված տների ընտանիքներին բնակարններ չեն տրվել, եթե տեղումներ լինեն, անձրևը տուն կլցվի. պտտահողմի հետևանքները՝ Ակունք համայնքում
ՀասարակությունՄայիսի 24-ին Կոտայքի մարզի Ակունք համայնքում քամու հետևանքով մոտ 50 ընտանիքի տան տանիք է վնասվել: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Կոտայքի քաղաքապետարանի աշխատակից Սարիբեկյան Մառոզը:
Նա ասաց, որ քամին շատ ուժգին է եղել, ինչի հետևանքով բնակիչները մեծ վնասներ են կրել. «Երեկվա պտտահողմի հետևանքով վնասվել է ջերմատուն, որի մեջ կա 5 ջերմոց, 2 զրուցարան, մոտ 240 պտղատու ծառ, գազատար, 13 տան պարիսպ, 8 անասնագոմի տանիք, 2 խորդանոցի տանիք, արևային ջրատաքացուցիչ, արևային էլեկտրակայան, էլեկտրական մալուխ, շրջվել է 2 էլեկտրական սյուն, բեռնատարի կցորդիչ, 5 ծառ, փակվել են 4-րդ, 8-րդ և 9-րդ փողոցները, մասամբ դադարեցվել է էլեկտրամատակարարումը և գազամատակարումը, վնասվել են 4 պատուհանի ապակիներ և մասամբ՝ «VAZ-2106» մակնիշի 2 ավտոմեքենա. քամին շատ ուժեղ էր»,- ասաց քաղաքապետարանի աշխատակիցը:
Նա նշեց, որ այդ վնասված տներում մարդիկ չեն կարողանա ապրել, եթե տեղումներ լինեն և նրանց կրած վնասը էլ ավելի կկրկնապատկվի. «Այդ վնասված տների ընտանիքներին բնակարաններ չենք տվել, ապրում են իրենց տներում, բայց եթե տեղումներ լինեն, անձրևը ամբողջ տունը կլցվի, վերանորոգված տներ կան, որի դեպքում կրած վնասը կկրկնապատկվի»,- նշեց նա:
Մեր այն հարցին, թե վնաս կրած գյուղացիները արդյոք պետությունից սպասում են օգնություն, ասաց, որ ունեն ներքին անվստահություն. «Բնակիչներ կան, որ եկել են և պահանջում են, որ օպերատիվ լինենք, արագ գրանցենք կրած վնասը և փոխհատուցենք, բայց չեն հասկանում, որ դա երկար գործընթաց է»,- ասաց Սարիբեկյան Մառոզը:
Վերջինս ասաց, որ չափագրում եղել է, բայց դեռ հստակ հաշվարկ չեն իրականացրել:
Զվարթ Պետրոսյան