Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ. Իշխան Սաղաթելյան
ՔաղաքականՍտեղծված իրավիճակում արմատական և վճռական գործողությունների անհրաժեշտություն կա: Մեր պետականության և ինքնիշխանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական ազգային-պետական քաղաքականությամբ և դրանք իրականացնելու վճռականությամբ: Մենք ունենք այդ կամքը: Այս մասին հայտնել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ քաջ գիտակցում են, որ բոլոր քայլերի հիմքում իբրև առաջնահերթություն ներազգային պառակտվածության հաղթահարումը և ատելության մթնոլորտի բացառումն է լինելու:
«Մենք ընտրում ենք համերաշխ և ազգային Հայաստանը: Վերականգնելու ենք համերաշխության և երկխոսության կենսական մթնոլորտը, որ միասին ազգային շահերի շուրջ համախմբված կարողանանք կառուցել ուժեղ Հայաստան: Ազգային միասնականությունն օրվա հրամայականն է»,- նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ միայն այդպես է հնարավոր ապահովել Հայաստանի բնականոն զարգացումը, տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, արժանապատիվ խաղաղությունը և մեր ինքնությունը:
Սաղաթելյանի խոսքով՝ քաղաքակրթությունների բախումների, իրական և ցանցային պատերազմների այս փոթորկոտ ժամանկենրում Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, ֆինանսական և մտավոր ներուժի համախմբումը բացառիկ անհրաժեշտություն է, որը պետք է արդյունավետ իրացվի տնտեսական, սոցիալական, մշակութային, կթական և զարգացման բոլոր ուղղություններին համապատասխան:
«Մեր պետականության ու ինքնիշխանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական, ազգային-պետական քաղաքականությամբ և դրանք իրականացնելու վճռականությամբ»,- ասաց Սաղաթելյանը, ապա հավելեց.
«Չկա՛ հայություն առանց Հայաստան։ Այդ իմաստով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ։ Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը, այդ թվում՝ բացառելու ենք «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը։ Հայաստանը լինելու է սոցիալական արդարության և բարեկեցության երկիր»: