Մենք գալիս ենք ուժեղ թիմով և իրագործելի ծրագրով․ Սամվել Բաբայան
Բլոգոսֆերա«Ազատական» կուսակցության ցուցակը գլխավորող Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հանդես է եկել կոչով:
«Իմ սիրելի հայրենակիցներ, դու՛րս եկեք հիպնոզից և սթափ գնահատեք նրանց, ովքեր փորձում են որսալ ձեր ձայները: Նայեք իրենց անցած ճանապարհը, նրանց ձեռքբերումներն ու ձախողումները, նրանց հաղթանակներն ու պարտությունները: Ուզու՞մ եք, որ այդ ամենը նորից կրկնվի:
Մեր կերտած հաղթանակների կրկնումը ես երաշխավորում եմ, և ոչ միայն բանակի և մեր պետական սահմանների պաշտպանության ոլորտում: Այո, բանակի խնդիրն անկասկած մեր առաջնահերթություններից է, և ես բազմիցս ասել եմ, որ միայն հզոր, անպարտելի բանակը կարող է դառնալ տնտեսության կայուն զարգացման գրավականը: Մենք գալիս ենք ուժեղ թիմով և իրագործելի ծրագրով, և ես վստահեցնում եմ, որ մենք կարողանալու ենք ապահովել ոչ միայն բանակի վերածնունդը, այլև տնտեսության բոլոր ճյուղերի կայուն զարգացումը»,- նշել է Բաբայանը։
Չնայած «Ազատական» կուսակցությունը ակտիվ քարոզարշավ դեռ չի իրականացնում, բայց թիմի անդամներն իրենց ծրագրերը ներկայացնում են հարցազրույցների ժամանակ»։