Նորք-Մարաշում «վնասազերծված» զինված խմբավորման ղեկավարի գլխավորած ուժն ամենաքիչ ձայներով երկրորդն է
ՔաղաքականԱրտահերթ խորհրդարանական ընտրություններով ամենաքիչ ձայներ հավաքած երկրորդ քաղաքական ուժը «Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցությունն է, որը ստացել է 803 ձայն կամ 0.06 %: ՀԱՊԿ վարչապետի թեկնածուն Արթուր Վարդանյանն էր։ Կուսակցությունը ընտրություններին մասնակցում էր պատգամավորի 82 թեկնածուով։
Նշենք, որ ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1 մլն 281 հազար 911 մարդ:
Նշենք, որ նորաստեղծ ՀԱՊ կուսակցությունը գլխավորած Արթուր Վարդանյանը Արցախյան պատերազմում զոհված, ՀՀ Արիության մեդալով հետմահու պարգևատրված Վալերիկ Վարդանյանի որդին է, երկար տարիներ ապրել է Իսպանիայում։ Արթուր Վարդանյանը 2015 թ. Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից «վնասազերծված» զինված խմբավորման ղեկավարն է։ 9 հոգանոց խումբը և ևս 11 հոգի, մեղադրվում են ապօրինի զենք-զինամթերք պահելու, բռնությամբ իշխանությունը զավթել ծրագրելու մեջ, «ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»:
Հավելենք նաև՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում էր 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 կուսակցությունների դաշինք։ Ընտրական շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Վերջիններս ներկայացվածություն կունենան խորհրդարանում։