Տագնապալի են ապօրինի ծառահատումները Դալմայի այգիներում
SocietyԵրևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչ Լիլիթ Կիրակոսյանը վստահեցնում է՝ Երևանի տարբեր վարչական շրջաններում սնկի պես աճում են ապօրինի շինությունները: Նա տագնապալի է համարում նաև ապօրինի ծառահատումները Դալմայի այգիներում:
Այս մասին Կիրակոսյանը խոսեց հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստում:
«Ապրում եմ Արարատյան զանգվածում,… որտեղից սկսվում են Դալմայի այգիները: Այգիների ծառահատումները և բետոնապատ մեծ շենքերի կառուցումը դարձել են ամենօրյա գործողություններ: Օր օրի այդ տարածքում բնակելի շենքեր, փոքրիկ տներ են կառուցվում, և ոչ ոք չի կարողանում խոչընդոտել այդ գործընթացը»,- նշեց նա:
Կիրակոսյանն անդրադարձավ նաև Սայաթ-Նովա, 5-ի ապօրինի մանսարդի կառուցմանը և նշեց, որ այդ մասին արդեն բարձրաձայնվել է, բայց աղմուկից հետո ոչինչ չի փոխվել, իսկ շինության կողքին առավել մեծ մանսարդ է կառուցվել:
Նրա խոսքով՝ պետք է դադարել մեղադրել միմյանց ու լինել առավել ուշադիր: Կիրակոսյանը, դիմելով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, խնդրեց շատ հետևողական լինել և օրենք մշակել, որը կնպաստի ապօրինությունների վերացմանը:
Հայկ Մարությանը խնդրեց Սայաթ Նովա, 5-ի և մյուս հարցերի շուրջ խոսել նաև ավագանու հարցուպատասխանի ընթացքում, որին ներկա կլինեն նաև վարչական շրջանների ղեկավարները: