Խաղաղության պայմանագիրը հայ ազգին որոշ ժամանակով չցեղասպանելու պայման է Սյունիքի դիմաց․ Արցախի ԱԺ պատգամավոր
НКՈրևէ մեկը կասկածո՞ւմ է, որ Ադրբեջանի կողմից ագրեսիաների շարքը շարունակվելու է, պատերազմը չի ավարտվել։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը՝ Թուրքիայի գլխավորությամբ, շարունակելու է ագրեսիան այնքան ժամանակ մինչև իրենց նպատակներին հասնեն․ «Իրենց նպատակներն են Արցախի հարցի փակումը, որին արդեն իսկ հասնում են, սահմանազատման, սահմանագծման արդյունքում ինչպես Ալիևն է ասում «խաղաղության պայմանագիրը», որի արդյունքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կճանաչի Հայաստանի իշխանությունը և կդրվի Արցախի վերջը։ Իրենք վստահ ասում են նաև, որ Սյունիքի իրենց պահանջած հատվածները, միջանցքը, Զանգեզուրը, Տիգրանաշենը լինելու են իրենցը։ Եթե մենք 3 տարի առաջ ասում էինք Արցախի հարցն է դրված օրակարգում, ապա հիմա պարզ է, որ կարճ ժամանակում, ցավոք սրտի, Սյունիքի հարցն է լուծվելու։ Հանգիստ ձևով շատ սարսափելի բաներից ենք խոսում։ Սա մի տեսակ նման է 1915 թվականին, երբ մտավորականությունը, բոլորը թմբիրի մեջ էին և ասում էին, որ ոչինչ չկա, լավ է լինելու, 20-րդ դարում հնարավոր չէ ցեղասպանություն, սակայն տեսանք հակառակը։ Հիմա նույնն ասվում է 21-րդ դարում, բայց մենք այս անգամ ևս տեսանք, որ հնարավոր է ցեղասպանություն, ինչը կատարվեց սեպտեմբերի 27-ից։ Մեր ազգին պահում են թմբիրի մեջ և կարծես ազգն էլ հարմարվել է դրան»,- ասաց պատգամավորը։
Այսինքն ցեսպանության սպառնալի՞ք կա՝ հարցին Հակոբյանը դրական պատասխան տվեց․ «Իհարկե, մենք սեպտեմբերի 27-ից տեսանք, որ զինվորը չէր կարողանում պատերազմել և զոհվել, դա ի՞նչ է, եթե ոչ ցեղասպանություն։ Մեր տղաների մեծ մասը ուղղակի չի հասցրել պատերազմել ու զոհվել»։
Անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է Երևանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, սակայն Երևանից որևէ արձագանք չկա՝ Հակոբյանն ասաց․ «Ինքն իր պայմաններն է պարտադրում և առաջ է քաշում եռակողմ պայմանավորվածությունը։ Հատկանշական է, որ Ադրբեջանը խոսում է ադ մասին, բայց հայաստանյան իշխանությունները լռում են։ Խաղաղության պայմանագիրը հայ ազգին որոշ ժամանակով չցեղասպանելու պայման է Սյունիքի դիմաց, որովհետև նրանք համարում են, որ չկա Արցախի խնդիր, մնում է Սյունիքը։ Կարծում եմ, որ, ի վերջո, այս իշխանությունները չեն մերժելու և գնալու են դրան, որովհետև այլընտրանք չունեն և թշնամուն ցույց են տվել, որ ստորագրում են իրենց առջև դրված փաստաթղթերը»,- ասաց նա։
Նշենք, որ այսօր Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն ասել էր, որ Արցախի՝ վերջին պատերազմից հետո ներկայիս վիճակում հայտնվելուց հետո Ադրբեջանը գործնական քայլեր է անում Սյունիքի բռնազավթման ուղղությամբ՝ բացելով նոր՝ «զանգեզուրյան աշխարհաքաղաքական ճակատը»: Նա կոչ է արել սթափվել և հասկանալ՝ ինչ է կատարվում, պատրաստ լինել Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի:
Սոնա Հարությունյան