Պատերազմը Կամերային թատրոնի շենքի համար է, որ վաղը վաճառեն այն. Սամսոն Ստեփանյան
ОбществоԿամերային երաժշտական թատրոնի դերասաններն այսօր՝ հուլիսի 23-ին, բողոքի ակցիա են իրականացնում նախարարությունների շենքի դիմաց: Նրանք դեմ են ԿԳՄՍ նախարարության որոշմանը, ըստ որի, կամերային երաժշտական թատրոնը պետք է միացվի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին, իսկ Կամերայինի շենքն էլ տրամադրվի սիմֆոնիկ նվագախմբին:
Լրագրողների հետ զրույցում Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն ասաց, որ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խոստացել է իրենց ընդունել.
«Ուզում ենք հասկանալ պատճառը այս գաղափարն առաջ տանելու: Ինչո՞ւ երաժշտական ոլորտի խնդիրը փաթաթել թատերական ոլորտի վզին: Ինչու մի ամբողջ թատրոն կործանել, որպեսզի երաժշտական խումբը ունենա ընդամենը փորձատեղի: Մեզ զրկում են մեր ստեղծագործելու և աշխատելու վայրից: Կարելի է ասել, որ վայրը վայր է, բայց յուրաքանչյուր թատրոն ունի իր մթնոլորտը, դեմքը, իր ստեղծագործելու աուրան: Էլ չեմ ասում, որ մարդիկ զրկվում են իրենց աշխատանքից: Թո՛ղ փափուկ բարձ չդնեն մեր գլխի տակ ու ասեն՝ ոչ մեկը չի կրճատվելու: Ոչ, կրճատվելու է, սա արվում է հենց դրա համար, որ Պարոնյանի անվան թատրոնի ղեկավարության ձեռքով կրճատվի այս թատրոնը: Մարդիկ ֆիզիկապես չեն կարող իրար հետ աշխատել»,-ասաց Ստեփանյանը:
Նա նշեց, որ այս որոշումն իրենց համար անսպասելի էր, որեւէ մեկը չէր սպասում, որ թատրոնը նման հարված կստանա․ «Շատ կարեւոր է, թե ովքեր են շահագրգիռ անձինք․ դա հետո կերեւա: Մենք այսօր նախարարի հետ հանդիպումից ակնկալում ենք հստակ պատասխան՝ ինչ է լինելու հետագայում: Արդյո՞ք նրանք վերջնականապես որոշել են, արդյոք կա տեղ փոխզիջման գալու: Մենք ասում ենք՝ մենք պատրաստենք շենքը տրամադրել սիմֆոնիկ նվագախմբին, թող գան փորձերի: Օրը կբաժանենք, խնդիր չի: Իմ անձնական կարծիքն այն է, որ ամբողջ պատերազմը շենքի համար է, որ վաղը մյուս օրը վաճառեն այն: Հավատացնում եմ՝ Սիմֆոնիկ նվագախումբը այդ շենքում երկու տարուց ավել չի մնալու»,-ասաց նա:
Սամսոն Ստեփանյանը նաև հավելեց՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ղեկավար Հակոբ Ղազանչյանը եւս դեմ է այս որոշմանը: