Ձեր ԱԳ փոխնախարարը Արցախն անվանեց ԼՂ տարածք․ հավակնում է ԱԳՆ պաշտոնին. Թովմասյանը՝ Ռուբինյանին
Քաղաքական«Ձեր թիմակից Արմեն Գրիգորյանը, որն ԱԳ փոխնախարար է և ամենայն հավանականությամբ կնշանակվի նախարար, օգտագործել է խիստ անընդունելի եզրույթ՝ ԼՂ տարածք։ Եղե՞լ է ներքին քննարկում, և իշխանությունը պատրաստվու՞մ է ներողություն խնդրել ու շտկել այդ սխալը»։ ԱԺ-ում այս հարցը բարձրացրեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին։
Պատգամավորը նշեց, որ դա ԱԳՆ-ի տարածած հայտարարությունն է։ Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց, որ Ալիևը վերջերս ասել է, թե իբր ԼՂ գոյություն չունի, հետևաբար չկա նաև կարգավիճակի հարց։ Ըստ պատգամավորի՝ Ալիևի նպատակն է մոռացության տալ ԼՂ-ն։
«ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ չի օգտագործվում ԼՂ տարածք եզրույթ այն առումով, որ դա ԱԳՆ-ի օգտագործած եզրույթը չէ։ Նախարարության հայտարարության մեջ հղում է արվում նրան, որ Ալիևն ինքը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տակ ստորագրություն դնելով, ֆիքսել է, որ կա ԼՂ, իսկ այդ հայտարարության մեջ նշվում էր ԼՂ տարածքներ։ Սա է ամբողջ եղելությունը»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը։
Թագուհի Թովմասյանն էլ հավելեց, որ իր համար անհասկանալի է այն, որ օգտագործում ենք Ալիևին հաճելի բառապաշար և չենք ուղղում սխալը։
«Եթե ընդունում եք այդ սխալը, ուրեմն անհրաժեշտություն կա հստակ բացատրելու, թե ինչ է ասվել, ինչպես և ինչ եք նկատի ունեցել։
Ինչպես գիտեք մենք հանրային դաշտում շատ հաճախ օգտագործում ենք ձևակերպումներ, որոնք հետո այդ թվում ՄԻԵԴ-ում դառնում են Հայաստանի դեմ օգտագործվող փաստարկներ։ Սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որն օգտագործվելու է»,-հավելեց պատգամավորը։