Եթե անձը հնարավորություն չունի ելույթ ունենալու, չի նշանակում՝ նրա ընտրվելու իրավունքը խախտված է. Վլադիմիր Վարդանյան
Դա սահմանադրորեն իրենց վերապահված իրավունք է, նրանք կարող ենք դիմել ՍԴ: Սա իրավական գործընթաց է, ուստի որևիցե մեկնաբանություն չի կարող լինել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների՝ ԱԺ նախագահի ընտրությունը ՍԴ-ում վիճարկելու որոշմանը:
Նշենք, որ ընդդիմությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել էր «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին, որոնք, սակայն, նիստին ներկա չէին և չմասնակցեցին քվեարկությանը, քանի որ կալանավորված են:
Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ եթե անձը հնարավորություն չունի ելույթ ունենալու, դա դեռևս չի նշանակում, որ նրա ընտրվելու իրավունքը խախտված է.
«Բոլոր առաջադրված թեկնածուների անունները ներառված էր քվեաթերթիկում, սակայն իրենց իսկ առաջադրողները չեկան և չքվեարկեցին: Մենք չենք կարող բոլոր դեպքերում երաշխավորել պատգամավորի քվեարկությունը, որովհետև պատգամավոը կարող է լինել գործուղման մեջ կամ հարգելի պատճառով բացակայի, օրինակ՝ կալանավորված պատգամավորի նիստերից բացակայելը համարվում է հարգելի պատճառ»,-ասաց Վարդանյանը:
Հարցին՝ ինչո՞ւ ԱԺ չհրավիրվեց Գլխավոր դատախազը այս հարցով պարզաբանումներ տալու, ՔՊ պատգամավորը պարզաբանեց՝ ԱԺ նիստն ունի հստակ օրակարգ և եթե որևէ պաշտոնատար անձ հրավիրվեր, քննարկվեր օրակարգում չընդգրկված հարց, ապա ԱԺ նիստի բնականոն ընթացքը կխախտվեր:
Իսկ թե ինչպե՞ս են «Հայաստան» դաշինքի պատգամավորները զրկվել անձեռնմխելիությունից, Վարդանյաննասաց, որ ԿԸՀ-ն ՝համապատասխան որոշում կայացրել.
«Միջադեպը, որի մասին խոսում ենք, տեղի է ունեցել մինչև պատգամավորական մանդատի ստանձնումը:Սահամանդրության 96-րդ հոդվածը վերաբերվում է պատգամավոր եղած ժամանակահատվածում տեղ ունեցած արարքների մասին»: