Հունաստանում մի քանի օրում գրեթե 600 հրդեհ է բռնկվել (լուսանկարներ)
ԼուսանկարներԱննախադեպ շոգի ու երաշտի պատճառով վերջին մի քանի օրերին Հունաստանում 586 հրդեհ է բռնկվել: Այս մասին երկուշաբթի օրը՝ օգոստոսի 9 -ին, հայտարարել է վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը, հայտնում է ERT1 հեռուստաալիքը: «Վերջին օրերը մեր երկրի համար եղել են ամենադժվարը վերջին տասնամյակների ընթացքում: Մենք պայքարել և շարունակում ենք պայքարել կրակի դեմ մեր ամբողջ ուժով: Աննախադեպ շոգի և երկար ամիսների երաշտի պատճառով այժմ շատ դժվար է դրանք մարել», - ասել է կառավարության ղեկավարը:
Միաժամանակ, Միցոտակիսը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնում են Հունաստանին հրդեհի դեմ պայքարում, և ներողություն խնդրել հրդեհների հետևանքով իրենց տներն ու ունեցվածքը կորցրած համաքաղաքացիներից: Նա նաև խոստացել է, որ տուժածներին անհապաղ օգնություն կտրվի:
«Այսօր ես հաստատեցի 500 մլն եվրո լրացուցիչ բյուջե հատուկ տուժած շրջանների համար: Եվ անհրաժեշտության դեպքում կլինի լրացուցիչ եվրոպական օգնություն: Վնասներն արդեն սկսել են գրանցվել: Առաջին փոխհատուցումները կվճարվեն անմիջապես», - շեշտել է վարչապետը:
Հիշեցնենք, որ Հունաստանում տասը օրվա ընթացքում այրվել է ավելի քան 56 հազար հեկտար անտառ: Հրդեհի դեմ պայքարում են ավելի քան հազար հույն հրշեջներ, որոնց միացել են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Շվեյցարիայի և Ուկրաինայի փրկարարները: